Home / Հայաստան / «Գոնե մեղվի թույն օգտագործեք». Գալուստ Սահակյանը հակադարձում է ընդդիմադիրներին

«Գոնե մեղվի թույն օգտագործեք». Գալուստ Սահակյանը հակադարձում է ընդդիմադիրներին

ԱԺ-ում քառօրյայի վերջին օրվա ընթացքում պատգամավորները շարունակել են Կառավարության ծրագրի քննարկումը: Այս շաբաթ ծրագրին վերաբերող ելույթները երկու տիպի են եղել. ընդդիմադիր պատգամավորները քննադատել են Կառավարության ծրագիրը, իսկ իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները քննադատել են ընդդիմադիրներին:

Այսօր ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ԱԺ-ում հայտարարել է, որ դեռ Կառավարության ծրագրի ներկայացնելուց առաջ հայտնի էր, որ ընդդիմությունն այն քննադատելու է, սակայն, ըստ ՀՀԿ-ականի, դա պետք է արվեր կոռեկտության սահմաններում:

«Դեմ ե՞ք աշխատավարձի բարձրացմանը,  երկրի անվտանգությանը: Գոնե մաղձոտ մի եղեք, եթե թույն եք օգտագործում, գոնե մեղվի թույն օգտագործեք», – ասել է Սահակյանը:

Անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները չէին ընտրվի, եթե նրանց չսատարեր Սերժ Սարգսյանը՝ Գալուստ Սահակյանն ասել է.

«Դու՞ք ինչ կլինեիք, եթե ինքը չլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի:   Իշխանությունը մերը չէ: Ժողովրդինն է: Աստված անի, որ մեզնից հետո դուք գաք: Բայց մենք էլի կլինենք: Աշխատեք: Ծրագրի մեջ զետեղված են նաև ձեր մտքերը: Մենք ձեր կարիքը չունենք, ուղղակի ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցել: Եթե չեք աշխատի, ուրեմն անաշխատունակ եք», – ասել է Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև ասել է, որ ընդդիմադիր գործիչների ելույթներից հասկացել է, որ «էս կարկուտից ու գազից էնքան ջերմորեն են խոսում, ոնց որ կպավ էլի, էլի խոսալու բան ունեցանք»:

«Դե գնայիր, կարկուտը բռնեիր: Մի ժամանակ երեք մարդ էր հավաքվում, հետները կանգնում էիք: Հիմա դա էլ չեք անում», – ասել է Գալուստ Սահակյանը: