Home / Հայաստան / Զեկույցում բացասական են գնահատել Հայաստանում խոսքի և խղճի ազատության վիճակը

Զեկույցում բացասական են գնահատել Հայաստանում խոսքի և խղճի ազատության վիճակը

Թեև Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում խոսքի ազատությունը, մարդկանց տեղաշարժվելու իրավունքը հիմնականում չի ոտնահարվել, դիտորդներն արձանագրել են ընտրակաշառք բաժանելու մասսայական դեպքեր, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր:

2013 թվականի մարդու իրավունքների վիճակին նվիրված զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում խորհրդարանական ընտրություններին նման գնահատական է տվել «Ամնեսթի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը:

Գնահատելով երկրում խոսքի ազատության մակարդակը՝ միջազգային կազմակերպությունը նկատել է, որ իրավիճակը վատթար է եղել այն պատճառով, որ որոշ մարդիկ, ում կարծիքը համարվել է ոչ հայրենասիրական և հակաազգային, դարձել են հանրային քննադատության և բռնության թիրախ:

«Ոստիկանությունը և տեղական իշխանությունները երբեմն համագործակցել են հարձակումներ գործողների հետ: Նրանք նաև հավուր պատշաճի չեն հետաքննել նման արարքները և հրապարակայնորեն չեն դատապարտել դրանք», – գրում են զեկույցի հեղինակները:

Այս համատեքսում՝ իրավապաշտպան կազմակերպությունը հիշերցրել է ադրբեջանական ֆիմերի ցուցադրման փորձերը, որոնք ձախողվել են Գյումրիում և Վանաձորում:

Զեկույցը նաև անդրադարձել է DIY բարի պայթեցման դեպքին: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը արդարացրել է հրապարակայնորեն այդ արարքը, իսկ ՀՅԴ-ական պատգամավորները գրավ են վճարել և ազատել բարը պայթեցնողներին:

«Ամնեսթի ինթերնեյշնլ»-ը, հղում անելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցին, նշել է, որ, մասնավորապես, Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պայմանները անմարդկային կարելի է անվանել:

Զեկույցում առանձին կետով անդրադարձ է կատարվում նաև խղճի ազատության հիմնահարցին: Շեշտվում է, որ այլընտրանքային ծառայությունը շարունակում է մնալ զինվորական իշխանության հսկողության տակ: Զեկույցը հիշեցնում է, որ 2012-ի ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ  4-րդ վճիռ է ընդունել՝ խղճի ազատության խախտման համար, մասնավորապես, բավարարելով 17 Եհովայի վկաների հայցը:

Նույն որոշումով ՄԻԵԴ-ն փաստել է, որ Հայաստանում անօրեն ազատազրկվելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ևս ոտնահարվել է: