Home / Հայաստան / Պաշտոնանկություններ կլինեն. ՊՆ խոսնակը՝ զինծառայողի մահվանն առնչվող քննության մասին

Պաշտոնանկություններ կլինեն. ՊՆ խոսնակը՝ զինծառայողի մահվանն առնչվող քննության մասին

Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ զինվորական պաշտոնյաների շրջանում սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծառայողական քննությանը կհաջորդեն պաշտոնանկություններ:

Խոսնակը չի բացառել նաև որոշ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել է մայիսի 15-ին: Համաձայն պաշտոնական վարկածի՝ զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր, ինչի հետևանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը` 19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել է:

Դավիթ Խաչատրյանը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է:

Լյուքս Ստեփանյանի թաղմանը օրը ծնողները որոշել դագաղը Երևան բերել և բողոքի ակցիա անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Սևանի մայրուղու վրա նրանց հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, և բանակցություններից հետո ծնողների հետ գնացել է գյուղ ու մասնակցել հուղարկավարության արարողությանը: Օհանյանը Ստեփանյանի ծնողներին խոստացել է բազմակողմանի քննություն անցկացնել ու պատժել մեղավորներին: