Գլխավոր / Հայաստան / Էներգախնայող տներ և «խելոք» լուսավորություն. Խաչատուր Սուքիասյանը՝ էներգիայի այընտրանքային աղբյուրների մասին

Էներգախնայող տներ և «խելոք» լուսավորություն. Խաչատուր Սուքիասյանը՝ էներգիայի այընտրանքային աղբյուրների մասին

Էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների Հայաստանի ռազմավարական ծրագիրը: Վերլուծելով գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած թանկացումները և դրանք դիտարկելով գազի և նավթի պաշարների բացակայության համատեքստում՝  Facebook սոցիալական ցանցի իր էջում նման կարծիք է ներկայացրել գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Ըստ Սուքիասյանի՝ էներգաաուդիտ անելու դեպքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն է, քանի որ թույլ է տալիս կենցաղում և տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել:

Գործարարն առաջարկում է օգտագործել էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրները:

«Առաջին հերթին, դա արևային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արևային հատուկ մարտկոցների և կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արևային պանելները: Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Շատերը մտածում են, որ արևային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար` մեկ անգամ գումար եք ծախսում և 25 տարի ձրի էներգիա եք ստանում»,- գրել է Սուքիասյանը:

Գործարարը նաև առաջարկում է խնայողաբար օգտագործել բնական գազը և էլեկտրաէներգիան, և այդ խնայողությունը, ըստ նրա, պետք է խրախուսվի պետության կողմից:

«Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաև ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ: Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արևային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար և այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ:

Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված «Passive house»-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանց ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների: Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ»,- գրել է Խաչատուր Սուքիասանը: