Գլխավոր / Հայաստան / ԵԽԽՎ-ին պահանջներ են ներկայացրել. ակցիա «Արմենիա Մարիոթի» մոտ (ՖՈՏՈՇԱՐՔ)

ԵԽԽՎ-ին պահանջներ են ներկայացրել. ակցիա «Արմենիա Մարիոթի» մոտ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր ժամը 13.30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել: Ակցիայի մասնակիցները ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացրել են մի շարք պահանջներ, որոնք անգլերենով համառոտ ձևակերված էին իրենց պաստառների վրա՝ «Մենք պահանջում ենք ազատ հեռուստատեսություն Հայաստանում», «ԵԽԽՎ-ն մոռացե՞լ է Մարտի 1-ը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Դուք ժողովրդավարությո՞ւն եք պաշտպանում, թե զավթիչներին» և այլն:

Ակցիային մասնակցում էին նաև ՀԱԿ կուսակցության անդամները: Վլադիմիր Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում պարզաբանելով ակցիայի նպատակները, հիշեցրել է, որ Հայաստանը Եվրախորդի անդամ է և հետևաբար «գործ ունենք մեր կազմակերպության հետ»:

«Պարզապես հորդորում ենք լինել ավելի հետևողական, որպեսզի իրենց տված հանձնարարականները և մեր իշխանությունների կողմից ինքնուրույն ստանձնած պարտավորությունները կատարվեն»,- ասել է Կարապետյանը:

ԵԽ-ի անհետևողական լինելը ՀԱԿ ներկայացուցիչը բացարել է նրանով, որ Հայաստանը իր հետաքրքրությունը որպես տարածաշրջանային գործոն կորցնում է:

Բողոքի ակցիայի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ փոխնախագահ, պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով անդրադարձել է Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանը: Զուրաբյանի խոսքով՝ առնվազն ծիծաղելի է, որ Հայաստանի իշխանությունները, որպես նախագահող, խոսում են ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունից, մինչդեռ այստեղ չեն հարգում այդ իրավունքները:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի մասով ԵԽ-ին ավելի շատ հետաքրքրում են աշխարհաքաղաքական խնդիրները, այլ ոչ թե ժողովրդավարության հիմնահարցը, և դրա վկայությունն է այն, որ Մշտական հանձնաժողովի նիստին բարձրացված հարցերը ավելի շատ տարածաշրջանային խնդիրներին էին վերաբերում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը:

«Բավական փակուղային իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար, քանի որ ԵԽ անդամները ինչ-որ չափով զրկված են Հայաստանի մասին անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Սա մեծ բեռ է դնում համազեկուցողների վրա, ովքեր պետք է ինֆորմացիա հավաքեն:

Ընտրությունների վերաբերյալ ուժեղ զեկուցող ունեցանք, որը, բոլոր ճնշումներին հակառակ, այնպիսի զեկույց գրեց խորհրդարանական ընտրությունների մասին, որ ցույց տվեց ողջ պատկերը,, մինչդեռ այս տարի Հայաստանի մասով զեկուցողը թույլ էր: Սա ասում եմ, որ պարզ լինի՝ Հայաստանի մասին ինֆորմացիան և քաղաքական գնահատականները կախված են Մոնիտորինգային հանձնաժողովի մեկ անդամից»,-ասել է Զուրաբյանը: