Գլխավոր / Հայաստան / Օբամային և Բլումբերգին թունավորված նամակներ ուղարկողը ձերբակալվել է

Օբամային և Բլումբերգին թունավորված նամակներ ուղարկողը ձերբակալվել է

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին  թունավորված նամակներ ուղարկողին:

Հետաքննությունը ենթադրում է, որ կասկածյալը նման կերպ իր դժգոհությունն է հայտնել իշխանությունների՝ հրազենի ձեռքբերման կանոնների խստացման առթիվ:

Ձերբակալվածը, ում անունը դեռևս չի հրապարակվում, բնակվում է Տեպաս նահանգի Նյու Բոսթոն քաղաքում: Ըստ որոշ տվյալների՝ նա բանակի վետերան  է, ով ներկա պահին պաշտպանության նախարարությունում քաղաքացիական պաշտոն է զբաղեցնում:

Ոստիկանությունը կասկածյալի հետքին դուրս է եկել նրա կնոջ շնորհիվ. վերջինս ամուսնու համակարգչում գտել է ռիցինի պատրաստման եղանակ, իսկ սառնարանում՝ այդ թույնին նմանվող նյութով լի տարա:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Նյու Յորքի քաղաքային շենքերից մեկ թույնով ներծծված նամակ է ստացվել՝ հասցեագրված Նյու Յորքի քաղաքապետին: Երեք օր անց մեկ այլ նամակ է եկել «Քաղաքապետերը ապօրինի հրազենի դեմ» կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակ, որի փոխնախագահն է Բլումբերգը: Պարզվել է, որ երկու նամակներն էլ ուղարկվել են մայիսի 20-ին Շրիվփորթ քաղաքից, որը տեղակայված է Նյու Բոսթոնից 160 կմ հեռավորության վրա:

Հինգշաբթի օրը հայտնաբերվել է ռիցինով ներծծված ևս մեկ նամակ. այս անգամ հասցեատերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է եղել: