Home / Հայաստան / 100 դրամանոց խաղի դիմաց՝ միլիոնների հարկ. խաղային ապարատների տերերը բողոքում են

100 դրամանոց խաղի դիմաց՝ միլիոնների հարկ. խաղային ապարատների տերերը բողոքում են

Խաղային կռունկ ապարատների տերերը, ովքեր մայիսի 23-ից պարտավորված դադարեցրել են իրենց գործունեությունը, այսօր Ֆինանսների նախարարության մոտ բողոքի ակցիա են անցկացրել և իրենց մտահոգությունները հայտնել նոր օրենքի ընդունման վերաբերյալ, ըստ որի՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում:

Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:

«Մարդիկ, ասենք, չեն իմացել, որ կարող են արգելել, վերցրել են ապարատները, աշխատել են ու մեկ էլ հոպ, գալիս ասում են՝ փակեք», – բողոքել է Ազատ Սանթրոսյանը:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ արգելքը դրվել է մայիսի 23-ից, երբ հարկային տեսուչները հերթով բոլորին զգուշացրել են կասեցնել գործունեությունը:

«Լրիվ իրենց ասածը արեցինք, հիմա էլ դնում փակում են: Սկզբից ասեցին՝ աշխատող պահեք, որ մինչև 18 տարեկանը չխաղա, հետո՝ փակի տակ դրեք, հիմա էլ արգելեցին», – նշել է Սանթրոսյանը:

Բողոքողները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, թե ինչպես են 100 դրամանոց խաղի դիմաց միլիոնների հարկ վճարելու:

«Եթե նման որոշում են կայացնում, մարդկանց նախօրոք են ասում, ոչ թե 3 օրում գալիս ու արգելում են: Համաձա՞յն չեն, որ աշխատում ենք: Ջահելությունն այսօր առանց գործ է մնում, պարապ մնա, որ գնա գողությո՞ւն անի, էն աստիճանի են հասցնում, որ մարդիկ թողնեն-գնան էս երկրից», – նշել է Արթուր Սաքոյանը:

Ակցիայի մասնակիցները եկել էին օրենքում փոփոխություն պահանջելու, քանի որ  կիրառման պայմաններում  իրենց մոտավոր հաշվարկներով մոտ 15 հազար ընտանիք սովի է մատնվելու:

«Մարդիկ ոչ մի ձևի ի վիճակի չեն նման կերպ աշխատելու, նույն լիցենզիան կիրառում են թե կազինոների, թե խաղային ապարատների դեպքում», – նշել է ակցիայի մասնակից Հարութը՝ շեշտելով, թե ինքը ծանոթներ ունի, ովքեր մինչև տարեվերջ հարկային բոլոր մուծումներն արել են, սակայն այժմ կանգնել են նման խնդրի առաջ:

Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունում իրենց բողոքը ներկայացրած ակցիայի մասնակիցներից նշել է, թե նախարարի տեղակալների մեկը իրեն ասել է, որ իրենց պահանջները ներկայացնեն գրավոր, ինչից հետո նիստ կգումարվի ու հարցը կքննարկեն:

Ակցիայի մասնակիցները մտավախություն են հայտնել, որ այս ամենը կանխամտածված է, քանի որ ինչ-որ մեկը որոշել է բիզնեսն «իրենով անել»:

«Անուններ չենք տալիս, հետո պարզ կլինի», – միաբերան ասել են ակցիայի մասնակիցները և նշել, որ շարունակելու են իրենց ակցիաները արդեն նախագահական նստավայրում: