Home / Հայաստան / Վրաստանը կվերանայի իր վիզային քաղաքականությունը

Վրաստանը կվերանայի իր վիզային քաղաքականությունը

Վրաստանի կառավարությունը կկազմի այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել երկիր: Այս մասին միգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 12 նախարարությունների և ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցուլուկիանին, ով գլխավորում է հանձնաժողովը, ասել է, որ այսօրվա նիստում քննարկվել է միգրացիայի ոլորտում նոր քաղաքականություն ստեղծող օրինագիծ:

«Մենք վերջնական համաձայնեցրել ենք օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է Վրաստանում օտարերկրացիների իրավական կարգավիճակին: Մինչ այժմ Վրաստանում միգրացիոն քաղաքականություն չի եղել: Հիմա այս կամ այն պատճառով Վրաստան ժամանող օտարերկրացիների և նրանց իրավական կարգավիճակի հանդեպ մոտեցումները հստակ կլինեն, ինչպես նաև կվերանայվեն, կփոփոխվեն և կհաշվարկվեն վիզաների կարգերը, և, ինչն ամենակարևորն է, կվերանայվի Վրաստանի սահմանած ազատական վիզային ռեժիմը:

Հնարավոր է, որ տարբեր երկրների հանդեպ ընտրվեն տարբեր մոտեցումներ: Կառավարությունը կորոշի այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան»,- Թեա Ցուլուկիանիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը: