Home / Հայաստան / Ժիրայր Սեֆիլյանին սպառնացողները կրակի հետ են խաղում. ազատամարտիկներ

Ժիրայր Սեֆիլյանին սպառնացողները կրակի հետ են խաղում. ազատամարտիկներ

Ժիրայր Սեֆիլյանին ահաբեկողները և սպառնացողները կրակի հետ են խաղում: Այս մասին ասված է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Ազգուրաց և հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև հետապնդում և հալածում են նրա քաղաքական համախոհներին (Ժիրայր Սեֆիլյանը «Նախախորհրդարան» նախաձեռնության և «Սարդարապատ» շարժման անդամ է – խմբ.):

Ժիրայր Սեֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին՝ գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը և փառքով ու պատվով պսակելով իր և իր ընկերների անունը: Պատերազմի ժամանակ և դրանից հետո նա երբեք թալանով չի զբաղվել և նույնը թույլ չի տվել իր ենթականերին, երբեք նյութապաշտ չի եղել ու այժմ էլ չէ, զինվորի կյանքի հաշվին կարիերա չի ստեղծել, զինվորի հացն ու հագուստը չի յուրացրել և ազգային արժանապատվությունը վեր է դասել ուսադիրներից: Նա օլիգարխ չէ, հանցագործ չէ, դավաճան չէ, ուրիշի հացը չի ուտում և չի քծնում: Ժիրայր Սեֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին և իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող և հայրենիքին նվիրված հայորդիներին:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում:

Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին», – մասնավորապես, ասված է հղարդագրության մեջ:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի հասցեին հնչած անանուն սպառնալիքների մասին տեղեկացրել է շաբաթ օրը կայացած հավաքի ժամանակ տեղեկացրել է «Նախախորհրդարանի» անդամ Մերուժան Ավետիսյանը: