Home / Հայաստան / Մարդասպանին 100 հազար դոլարով անմեղսունա՞կ են ճանաչել. ակցիա Դատախազության մոտ

Մարդասպանին 100 հազար դոլարով անմեղսունա՞կ են ճանաչել. ակցիա Դատախազության մոտ

2013 թվականի մարտի 3-ին Աբովյան փողոցում գտնվող «Rich» բարի մոտակայքում դանակի 13 հարվածից վիրավորված, 1 ամիս անց հիվանդանոցում մահացած Քյարամ Ավդոյանի մայրը, քույրերը և հարազատները հաստատակամ են պայքարել, որպեսզի Ավդոյանի սպանություն իրականացնողն արժանի պատիժ ստանա:

Այսօր Ավդոյաններն ու նրանց աջակիցները ՀՀ Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով գործի քննության հետ առնչություն ունեցող մարմիններից պատշաճ մոտեցում ու արժանի պատիժ տալ սպանողին:

Epress.am-ի հետ զրույցում Ավդոյանի 5 քույրերից մեկը՝ Զոյա Ավդոյանը պդնել է, որ սպանությունը կանխամտածված է եղել, այն իրականացրել է  Գերմանիայից Հայաստան եկած եղբոր քենու տղան՝ ազգությամբ եզդի Վլադիմիր Սիաբանդովը, որին այժմ անմեղսունակ են ճանաչել:

Լուսանկարում՝ Սիաբանդովը

«Քյարամի կինը՝ Անիկոն, միշտ բողոքել է գլխացավերից, պատճառաբանելով միգրենը, սակայն հետազոտությունից հետո պարզվել է, որ 2 ուռուցք ունի, և որոշել են վիրահատել: Գերմանիայում վիրահատելուց հետո բժիշկները տեղեկացնում են, որ  հիվանդությունն անբուժելի է: Դրանից հետո Անիկոյի՝ Մոսկվայում բնակվող ծնողները մեկնում են Գերմանիա, թե հետո ինչ է կատարվում, տեղյակ չենք, միայն գիտենք, որ այդ ամբողջի մեջ սկսում են մեղաքդրել Քյարամին», – պատմել է Ավդոյան Զոյայի ամուսինը՝ Գյուրջին:

Նրա խոսքով՝ դրանից հետո Սիաբանդովը գալիս է Հայաստան, շուրջ 5 օր  տարբեր տեղերից ճշտում է Քյարամի հեռախոսահամարը, այնինչ՝ վերջինիս տան տեղը շատ լավ է իմացել:

«Քյարամի քեռակնոջից է հարցնում, թե՝ դու ասա հեռախոսի համարը, բայց թող ծնողները չիմանան, որ հետաքրքրվել եմ: Ու սա այն դեպքում, երբ հարյուր անգամ Քյարամենց տանը հաց են կերել ու երբեք վատ հարաբերություն չեն ունեցել: Թե ոնց ա գտնում համարը, զանգում-կանչում է դուրս, թե գնանք մի տեղ: Հանդիպում են՝ պաչ-պռոշտի, որոշում են սրճարանում նստել, Վլադմիրը կոնյակ է առաջարկում, Քյարամն էլ հրաժարվում է՝ ասելով, թե տաքսի է վարում, խմել չի կարող: Վլադիմիրը խմում է թե՛ իր, թե՛ Քյարամի բաժինը, հետո սկսում է հիշել, թե՝ «քեզ ի՞նչ կա, դու ստեղ քո համար ֆռֆռում ես, մորքուրս ընդեղ քո պատճառով հոգեկան դառավ, ռակ ստացավ: Քյարամը ասում է՝ «արի քեզ տուն տանեմ, ես էլ աշխատանքի եմ, երևում է՝ ազարտի մեջ ես ընկել», դուրս են գալիս, սա հետևից դանակով սկսում է հարվածել Քյարամին», – պատմել է մեր զրուցակիցը:

Լուսանկարում՝ Քյարամ Ավդոյանը

Սպանվածի քույրը պատմել է, որ դանակը, որով Վլադիմիրը իրականացրել է սպանությունը, 2 օր գրպանում ման է եկել:

«Դանակահարելուց հետո էլ զարմացած հարցրել է՝ «էս պողպատ ա, ի՞նչ ա, սրա  սիրտը ու՞ր ա, ինչի՞ չի մեռնում: Հիմա էլ մեր դատական ատյանները, առողջապահության նախարարությունը, չգիտեմ՝ թե ով,  որոշում են կայացրել, որ այդ մարդակեր գազանը անցել է դատահոգեբուժական փորձաքննություն ու համարվել  անմեղսունակ, ինչի հետ մենք բոլորովին համաձայն չենք», – ասել է Ավդոյանը:

Լուսանկարում՝ Զոյա Ավդոյանը

Սպանվածի քույրը պնդել է, որ իրենք փոքրուց են ճանաչում Սիաբանդովին ու վստահ են, որ նա հոգեկան խնդիրներ չունի:

«Էստեղ արդեն կաշառակերությունը տիրել ա, բոլորս էլ գիտենք, բայց է՞ս աստիճանի: Հենց մարդասպանի ծնողներն են պարծեցել, թե 100 հազար դոլար են տվել՝ անմեղսունակ ճանաչելու համար: Մեզ ասում են, թե հոգեբուժարանում հաշվառված է, այնինչ բոլորս գիտենք, որ դա պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթուղթն է, որը փողի դիմաց կազմակերպել է Նորքի հոգեբուժարանում աշխատող մորեղբայրը՝ Սևդին Մամոյանը: Հիմա էլ մի 4-5 ամիս հարկադիր բուժման կուղարկեն, հետո էլ դուրս կգա ու մեզանից մեկին կսպանի ու կասեն գի՞ժ է»,- եզրափակել է Ավդոյանը:

Ակցիայի ընթացքում  դատախազի առաջին տեղակալ Բատիկյանը ընդունել է Ավդոյանին՝ նշելով, թե նշանակել են երկրորդ փորձաքննություն, իսկ մանրամասների համար խորհուրդ է տվել դիմել քննիչին:

Լուսանկարում՝ Ավդոյան քույրերը