Home / Հայաստան / Սուրեն Խաչատրյանը թողնում է մարզպետի պաշտոնը մինչև քննության ավարտը

Սուրեն Խաչատրյանը թողնում է մարզպետի պաշտոնը մինչև քննության ավարտը

Այսօրվանից սկսած Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կատարում իր պարտականությունները: Այս մասին նա տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները», – գրել է Սուրեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝  Նիկոլայ Աբրահամյանը:

Գործի առնչությամբ ձերբակալվածների թվում է նաև Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: