Home / Հայաստան / Գյուղացու բերքը փչացել է գազ չլինելու պատճառով. «Հայռուսգազարդ»-ի դեմ հայցը՝ Վճռաբեկում

Գյուղացու բերքը փչացել է գազ չլինելու պատճառով. «Հայռուսգազարդ»-ի դեմ հայցը՝ Վճռաբեկում

Արմավիր մարզի բնակիչ, գյուղատնտես Սամվել Հարությունյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով փոխել «Հայռուսգազարդ» ընկերության օգտին Վերաքննիչ դատարանում կայացրած վճիռը:

Դատական վեճը վերաբերում է Հարությունյանին պատկանող 2200 քառ. մետրանոց ջերմոցային տարածքի գազամատակարարումը դադարեցնելու փաստին:

2008 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին ջերմոցում ցրտահարվել է վարունգի և լոլիկի բերքը՝ չստանալով ջեռուցում, որի հետևանքով գյուղատնտեսը 4 միլիոն 400 հազար դրամի վնաս է կրել:

Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանը պատմել է, որ իր տնտեսության գազամատակարարումը դադարեցնելն իրեն զարմացրել է, քանի որ ինքը ոչ միայն պարտք չի ունեցել, այլև ունեցել է 76731 դրամ գերավճար:

«Ես երեք նամակ գրեցի «Հայռուսգազարդ»-ին, նրանք պահանջեցին, որ ես ինչ-որ պարտք վճարեմ, սակայն ես չունեմ որևէ պարտք: Ասացին, որ ես տարբերակ ունեմ նաև անշարժ գույք գրավ դնելու և 1 միլիոն դրամ կանխիկ վճարելու: Սա էր գրված բոլոր երեք նամակներում»,- ասել է Հարությունյանը:

«Հայռուսգազարդ»-ի դեմ  Հարությունյանը բողոքել է դեպքից անմիջապես հետո: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 20 ամիս գործը քննելուց հետո դատարանը բավարարել է Հարությունյանի հայցը: Սակայն պատասխանող կողմը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ դատարանում և հաղթել է գործը:

Այժմ Հարությունյանի փաստաբան Նազելի Վարդանյանը նյութեր է պատրաստում գործը Վճռաբեկ դատարան ուղարկելու համար: Epress.am-ի հետ զրույցում Վարդանյանն ասել է, որ Վերաքննիչն ակնհայտ սխալ որոշում է կայացրել, ուստի իրենք ոչ միայն դիմելու են Վճռաբեկ դատարան, այլև պատրաստ են հասնել մինչև Եվրոպական դատարան, եթե Վճռաբեկը հայցը վարույթ չընդունի կամ իրենց դեմ որոշում կայացնի:

Հարությունյանի խոսքով՝ վճիռն ապօրինի է, քանի որ ինքը ներկայացրել է Վերաքննիչին բոլոր փաստերը, իր գերավճարի մասին փաստաթղթերը, «Հայռուսգազարդ»-ի պատասխան-նամակները: Գյուղատնտեսի խոսքով՝ ինքը դիմել է նաև Արդարատադության խորհրդին՝ պահանջելով կարգապահական վարույթ սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանի դեմ: