Home / Հայաստան / Ինչո՞ւ չեն պատժում 2 մարդու մահվան մեջ մեղադրվող քաղաքապետի բարեկամին

Ինչո՞ւ չեն պատժում 2 մարդու մահվան մեջ մեղադրվող քաղաքապետի բարեկամին

2008 թվականի դեկտեմբերի 25-ին ավտովթարից տեղում մահացած  Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչներ 40-ամյա Տիգրան և 19-ամյա Աբրահամ Բակլաչյանների ընտանիքի անդամներն ու հարազատները այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Գխավոր դատախազության մոտ՝ պահանջելով արդար դատաքննություն:

Հարազատները Еpress.am-ի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները՝ նշելով, որ ավտովթարի մեղավորը Հրազդանի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանի հորեղբոր տղան է, ով շատ մեծ արագությամբ ընթացող մեքենայով բախվել է  դիմացից եկող մեքենային, ինչի հետևանքով էլ Բակլաչյանները մահացել են: Նրանք շեշտել են, որ դատախազություն են եկել՝ պարզելու, թե ինչն է  պատճառը, որ  5 տարի անընդմեջ մեղավորին չեն դատապարտել:

«Աբրահամը Բժշկական համալսարանի 3-րդ կուրսի դեղագործական  ֆակուլտետի ուսանող էր, իսկ հորեղբայրը երեք երեխաների հայր, մի ընտանիքի ծնողներն են սգում, մյուս ընտանիքում կինն ու երեխաները, այնինչ դատը անընդհատ տեղափոխում ու ձգձգում  են՝  մի օր Աբովյան, մի օր Հրազդան, մինչև հինգ տարին կլրանա ու գործը կփակեն», – ասել է Աբրահամի հորեղբոր կինը:

Նրա խոսքով՝ փաստաբանը ներկայացրել է, որ անհայտ ժամկետով բացակայելու է Հայաստանից, իսկ վերադառնալուց հետո էլ ժամկետը արդեն լրացած կլինի ու ամեն ինչ կվերջանա:

«Հիմա մեր բողոքը փաստաբանի դեմ է, մենք պահանջում ենք, որ նա չբացակայի հանրապետությունից, ու արդար դառավճիռ իրականացվի»,- ասել է Աբրահամի հորեղբոր կինը:

Մահացած Բակլաչյանի քույրը պնդել է, որ իր եղբայրների դժբախտացած ընտանիքների ու հարազատները փորձում են հասկանալ դատավճռի ուշացման դրդապատճառները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել:

«Մեկ դատավոր են փոխում, մեկ դատապաշտպան, մեր խնդիրն էն ա, որ փաստաբանը մնա, ու էդ դատը ավարտվի», – ասել է մահացած Տիգրան Բակլաչյանի քույրը:

Ակցիայի ավարտին Բալակչյանների հարազատներին դատախազությունից հայտնել են, որ հունիսի 7-ին դատական նիստ կնշանակեն: