Home / Հայաստան / ՀՀ փաստաբանների պալատի նախագահին առաջարկել են պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի որդուն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահին առաջարկել են պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի որդուն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն առաջարկ է ստացել պաշտպանելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ռուբեն Սահակյանի հետ բանակցել է անձամբ Սյունիքի մարզպետը, ով այս օրերին ևս գտնվում է Երևանում, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է, վիրավորվել ու հիվանդանոցում է գտնվում նաև Սուրեն Խաչատրյանի մերձավորներից մեկը՝ Նիկոլայ Աբրահամյանը:

Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ թողել է մարզպետի լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: