Home / Հայաստան / Ազատամարտիկների խնդիրներով խոստացել են զբաղվել. նրանք հետևելու են գործողությունների ընթացքին

Ազատամարտիկների խնդիրներով խոստացել են զբաղվել. նրանք հետևելու են գործողությունների ընթացքին

Մայիս ամսից բողոքի ակցիա անցկացնող ազատամարտիկները մեկ ամսվա ընթացքում ուշադիր հետևելու են, թե ինչպես է կառավարությունը իրենց խնդիրներին ընթացք տալու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հետախույզ վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը:

Նշենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ազատամարտիկների պատվիրակությանը Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ: Ազատամարտիկները, մասնավորապես, պահանջում են բարձրացնել կեսնաթոշակները, անվճար բուժօգնություն տրամադրել:

Կառավարության լրատվական կայքի փոխանցմամբ՝ վարչապետը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին: Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ:

«Այս մեկ ամսում մենք չենք քնելու ու հետևելու ենք գործողությունների ընթացքին», – ասել է Բունիաթյանը:

Նա նշել է, որ ազատամարտիկների շահերը կառավարությունում ներկայացրած մարտական ընկերները ընտրվել են իրենց կողմից ու իրենք վստահում են նրանց:

«Եթե բացասական պատասխանի դեպքում իրենք կարողանան ճակատ-ճակատ դուրս գալ, ուրեմն բոլորս էլ կողմ ենք, եթե հետագայում նկատենք, որ վախի ազդեցություն կա, կամ ինչ-որ անձնական շահի հետապնդում, նմանատիպ մարդիկ կպատժվեն մեր կողմից», – եզրափակել է Բունաիթյանը: