Home / Հայաստան / Գազի գնի քննարկմանը թողնում էին ցուցակով. ակտիվիստները նախագահականի մոտ նստացույց կանեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Գազի գնի քննարկմանը թողնում էին ցուցակով. ակտիվիստները նախագահականի մոտ նստացույց կանեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր որոշել է դռնփակ անցկացնել գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագինը որոշելուն նվիրված նիստը՝ արգելելով քաղաքացիական ակտիվիստների մասնակցությունը: Նիստի ընթացքում որոշվել է, որ մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ:

Նիստին մասնակցելու իրավունք են ստացել միայն ՀԾԿՀ-ի կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Տեղում հսկողություն իրականացնող ոստիկանները, ովքեր պատ կազմած արգելել են ակտիվիստներին ներս մտնել, ասել են, որ իրենք կատարում են ՀԾԿՀ-ի հրահանգը և ներս են թողնում միայն նրանց, ում անունները նշված են հանձնաժողովի կողմից տրամադրված ցուցակում:

Ակցիայի այն մասնակիցները և լրագրողները, ովքեր չեն կարողացել մուտք գործել շենք ու դրա համար որևէ բացատրության չեն ստացել, ի նշան բողոքի՝ երթով Սարյան 22 հասեցում գտնվող Հանձնաժողովի շենքից շարժվել են նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26:

Epress.am-ի հետ զրույցում իրավաբան Մերի Խաչատրյանը նշել է, որ իրենք հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ պահանջելով ՀԾԿՀ-ի հրաժարականը: Նա նշել է, որ մոտ 300 քաղաքացիներ զանգել-գրանցվել են նիստին մասնակցելու համար՝ նշելով, որ առաջարկներ ունեն:

«Մեզ որևէ մեկը չցանկացավ հանդիպել ու պարզաբանում տալ: Մեզանից որևէ մեկը չկար հանձնաժողովի կազմած ցուցակում, ուստի պահանջեցինք ներքև իջնել ՀԾԿՀ-ի աշխատակազմի ղեկավար պարոն Սողոմոնյանին, որպեսզի նրան փոխանցենք մեր ներկայացուցիչների տվյալները ու հաստատենք, որ մասնակցելու համար մենք զանգահարել ենք, սակայն ոչ ոք դուրս չեկավ: Այդ իսկ պատճառով գնում ենք Բաղրանյան 26՝ իրենց ասելիքը այնտեղ ասելու», – նշել է Մերի Խաչատրյանը:

Երթի ամբողջ ընթացքում ակտիվիստները քաղաքացիներին իրազեկել են գազի գնի թանկացման հնարավոր հետևանքների մասին և կոչ են արել միանալ իրենց:

Ակցիան շարունակվել է նախագահական նստավայրի դիմացի մայթին, որտեղ նախառեռնության անդամները ստորագրահավաք  են սկսել՝ պահանջելով ՀԾԿՀ-ի հրաժարականը:

25 ստորագրություններով նամակը ակցիայի մասնակիցները հանձնել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնին, նույնաբովանդակ 2 նամակներ էլ ուղարկվելու են ՀՀ վարչապետին և ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

«Դիմել ենք ՄԻՊ գրասենյակ, այս պահին 3 հոգի բանակցում են, դեռևս արդյունք չենք ստացել ու չենք էլ ակնկալում, հիմա եկել են երկրի նախագահի մոտ՝ մեր բողոքն արտահայտելու: Հետագա անելիքներ մասին  դեռ մտածելու են, բայց որ պայքարը շարունակվելու է՝ միանշանակ է», – մեր թղթակցին ասել է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Ավելի ուշ «Եկեք կանխենք գազի սակագինը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնության ակտիվիստները վաղվանից անժամկետ են նստացույց են սկսելու նախագահական նստավայրի դիմացի մայթին: