Home / Հայաստան / «Թեղուտ» ընկերությունում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

«Թեղուտ» ընկերությունում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ

Բնապահպանների երկարատև պայքարի և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ում 2013 թվականի չորրորդ եռամսյակում կիրականացվեն բնապահպանական ստուգումներ: Այս մասին Պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից:

«Հույս ենք հայտնում, որ պետական իրավասու մարմինների կողմից ստուգումները կիրականացվեն օրենքի խիստ պահպանմամբ, հստակ սահմանված ժամկետներում և կձեռնարկվեն բոլոր միջոցները գործունեության օրինականությունը պարզելու և հայտնաբերված խախատումները վերացնելու ուղղությամբ», – ասված է ՄԻ պաշտպանի աշխատախազմի հաղորդագրության մեջ:

Պաշտպանի աշխատակազմը նշում է, որ շարունակելու է հետևողական լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև հնարավորինս արդյունավետ կերպով արձագանքելու է բնապահպանների կողմից բարձրացված խնդիրներին:

«Դեռևս 2013 թվականի մարտից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» կողմից ներկայացված դիմումում բարձրացված խնդիրներն այն մասին, որ Թեղուտի հանքի ներկայիս շահագործումն իրականացվում է նոր, համապատասխան փորձաքննություն չանցած նախագծով, իսկ իրենց դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը բնապահպանական տեսչական ստուգումներ անցկացնելու պահանջով մնացել էր անպատասխան», – ասված է հաղորդագրության մեջ: