Home / Հայաստան / Իրանը Հայաստանին լավություն է անում՝ գազը փոխանակելով էլեկտրաէներգիայի հետ. դեսպան

Իրանը Հայաստանին լավություն է անում՝ գազը փոխանակելով էլեկտրաէներգիայի հետ. դեսպան

Իրանն էլեկտրաէներգիայի կարիք չունի, սակայն շարունակում է պահպանել Հայաստանի հետ փոխհամաձայնությունը, համաձայն որի հայաստանյան էլեկտրաէներգիան փոխանակվում է իրանական գազի հետ: Դա արվում է` հաշվի առնելով Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Դիվանագետն ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Իրանն այժմ էլեկտրաէներգիա է վաճառում, օրինակ, Իրաքին, ինչպես նաև այլ երկրներին: Ռեիսիի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ Իրանը շարունակում է համագործակցությունը գազային ոլորտում, և ինքը՝ Հայաստանը, պետք է որոշի, թե որքանով իրանական գազը կարող է ռուսաստանյան գազին այլընտրանք դառնալ:

Ավելի վաղ Ռեիսին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել էր, որ հայտարարությունները, թե իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսաստանյանը, չեն համապատասպանում իրականությանը

«Ցավոք, երբ կառուցում էին հայ-իրանական գազատարը, որոշեցինք, որ խողովակի տրամագիծը մեծ չի լինելու: Այդ իսկ պատճառով իրանական գազը չի կարող լիովին բավարարել Հայաստանի պահանջները: Այլ դեպքում Իրանը, ունենալով գազի մեծ պաշարներ, կբավարարեր ոչ միայն Հայաստանի, այլ նաև շատ այլ երկրների պահանջները», – հայտարարել էր դեսպանը:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշում է կայացրել: Մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ: