Home / Հայաստան / Իրանում ընտրություններից առաջ չի կարելի չմտածել Հայաստանի և Ադրբեջանի մասին

Իրանում ընտրություններից առաջ չի կարելի չմտածել Հայաստանի և Ադրբեջանի մասին

Իրանում թափ է հավաքել նախընտրական քարոզարշավը: Ներկայիս ընտրությունների տարբերակիչ առանձնահատկությունը առավելագույն հրապարակայնությունն է, ինչի վառ օրինակը նախագահի 8 թեկնածուների միջև հեռուստատեսային բանավեճերն են: Բանավեճերն ու արշավը հիմնականում վերաբերում են սոցիալ-տնտեսական զարգացման և միջուկային ծրագրի մասին թեմաներին՝ փակագծերից դուրս թողնելով իրանական արտաքին քաղաքականության մասնավոր հարցերի հանդեպ թեկնածուների վերաբերմունքը: Մինչդեռ այս խնդիրները վերաբերում են տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում Իրանի քաղաքականության ապագային: Այս մասին «Պրես պապյե» կայքում գրում են ռեսուրսի վերլուծաբանները:

Ադրբեջանը՝ տարածաշրջանի առանցքային երկիր

Հարկ է նշել, որ ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Իրանը երբեք Հարավային Կովկասը չի համարել միասնական տարածաշրջան, որի հետ հարաբերությունները պիտի կառուցվեն ընդհանուր ներքաղաքական ռազմավարության հիման վրա: Հարավային Կովկասն Իրանի համար անջատ տարածաշրջան է, որի երկրների հետ համագործակցությունը կառուցվում է առանձին՝ ելնելով Թեհրանի կոնկրետ, երբեմն համաշխարհային հետաքրքրություններից:

Իրանի քաղաքակական էլիտան միասնական կարծիք չունի այն մասին, թե ինչպես պետք է զարգանան հարաբերությունները Բաքվի հետ: Այդ թվում և նախագահի թեկնածուները, ում, իրենց ներկայիս դիրքորոշման համաձայն, կարելի է բաժանել երկու խմբերի՝ հակամարտության կողմնակիցներ և դանդաղ իսլամացման կողմնակիցներ:

«Հին գվարդիայի» դիրքորոշումն է՝ հակամարտությունն անխուսափելի է:

Որքան էլ զարմանալի է՝ երկու տարբեր քաղաքական հարթակների թեկնածուները Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ ունեն ընդհանուր կարծիք: Պահպանողական թևի ներկայացուցիչ Հասան Ռուհանին և «պրինցիպիալիսնտերի» թեկնածու Ալի Աքբար Վելայաթին Բաքվի վերաբերյալ հանդես են գալիս միանման դիրքերից. Ադրբեջանը թշնամական երկիր է, որը պետք է կազմաքանդվի (հրապարակայնորեն այս մասին չի հայտարարվում): Լինելով Իրանի Արտաքին գործերի նախարարը՝ հենց Ալի Աքբար Վելայաթին է դարձել հայ-իրանական հարաբերությունների կերտողը, և այն ժամանակվա նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ համոզել է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում աջակցություն ցուցաբերել: Այն ժամանակ նրա դիրքորոշումը հիմնավորվում էր Ադրբեջանում թյուրքական ազգայնականության աճով, որի տարածումը Իրանում կարող էր հանգեցնել անջատողականության և կենտրոնախույս միտումների աճի:

Փորձառու քաղաքական գործիչ Վելայաթին Հայաստանին ցուցաբերած աջակցությանը զուգահեռ իրանական արտաքին քաղաքականության մեջ բացել էր «թալիշական ուղղություն», որի նպատակը Ադրբեջանում միջպետական հակամարտության համար պայմաններ ստեղծելն էր, որը հնարավորություն կտար վերջնականապես կազմալուծել երկիրը և  դրա տարածքում ստեղծել մի քանի նոր պետական մարմիններ:

Հասան Ռուհանին, ով երկար տարիներ աշխատել էր որպես Անվտանգության Խորհրդի քարտուղար, իսկ մինչ այդ ներգրավված է եղել իրանական բանակի գլխավոր շտաբի աշխատանքներում, Իրանի ամենահակաթուրք քաղաքական գործիչներից մեկն է: Նրա համար Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի տրամաբանական շարունակությունը: Բաքվի հանդեպ Ռուհանիի տրամադրվածությունն այնքան արմատական է, որ նա նախագահական արշավի ժամանակ հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարությամբ՝ վտանգելով Իրանի թյուրքալեզու բնակչության աջակցությունը:

Եթե պայմանականորեն նշենք Ռուհանիի և Վելայաթիի դիրքորոշումը, ապա այն ձգտում է Բաքվի հանդեպ «կոշտ քաղաքականության» կիրառմանը, գրեթե այնպիսին, ինչպիսին ներկայումս կիրառվում է Բահրեյնի հանդեպ. Թեհրանն արդեն մի քանի տարի է՝ տեղական շիա ընդդիմության միջոցով փորձում է երկիրը պայթեցնել ներսից:

Դանդաղ իսլամացումը կամ Ջալիլի և Գալիբաֆի «մեղմ ուժը»

Նախագահական ընտրություններում երկու հիմնական թեկնածուներն ու մրցակիցները՝ Անվտանգության Խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին և Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բագեր Գալիբաֆը, Իրանի քաղաքականության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, ովքեր Կովկասի և Ադրբեջանի հանդեպ իրենց վերաբերմունքում ցուցաբերում են ավելի զուսպ, երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված մոտեցում:

Երբ 2012-2013-ին հարաբերությունները Բաքվի հետ աննախադեպ կերպով սրվեցին, Ջալիլիի վրա դրվեցին «խաղաղության աղավնու» պարտականությունները: Սկզբում քաղաքական գործիչն ընդունեց ադրբեջանցի դեսպանին, իսկ 2013 թվականին հյուրընկալվեց նախագահ Իլհամ Ալիևի մոտ՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև տարաձայնությունները արհեստական բնույթ ունեն, և երկու ժողովուրդները ընդհանուր մշակութային և պատմական ժառանգություն ունեն: Միակ բանը, որ Ջալիլին խնդրել էր Ադրբեջանի նախագահից, հավատացյալ մահմեդականներին մեծ ազատություն տալն ու իսլամին չխոչընդոտելն էր:

Ջալիլի և նրա դաշնակիցների նպատակը պարզ էր՝ խաղաղ պայմաններում հասնել ադրբեջանական հասարակության առավելագույն իսլամացման, շարունակել ադրբեջանցիների կրթական ծրագրերը Իրանի կրոնական վարժարաններում և ստեղծել հիմք Բաքվում շիա քաղաքական կարգի ստեղծման ապագա փորձերի համար:

Գործնականում նույն կերպ է մտածում նաև Գալիբաֆը, ով իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը հենց Իրանն է: Չնայած այն բանին, որ Թեհրանի քաղաքապետը խոսում էր իրանական Ադրբեջանի մշակույթի և պատմության մասին, սակայն այդ հայտարարության ենթատեքստը բոլորի համար պարզ է: Խոսքը գնում է հենց Ադրբեջանի պետականության մասին, որը, իր կարծիքով, Իրանի հետ ունի ընդհանուր պատմություն և մշակույթ:

Հայաստանի հանդեպ դիրքորոշումը

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մեկ այլ երկրին՝ Հայաստանին, ապա թեկնածուների դիրքորոշումը այնքան էլ պարզ չէ, քանի որ երկրում հայաստանյան հարցը հասարակայնորեն չի քննարկվում:  Թեկնածուներից Հայաստանի թեմայով խոսել է միայն  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, ով հայտարարել է, որ այս ռազմական կառույցի ղեկավարման ժամանակ ինքը ղարաբաղյան պատերազմում աջակցել է Ադրբեջանին: Ռեզայիի հայտարարությունը ակնհայտ նախընտրական հնարք է Իրանի ադրբեջանցիների ձայները ստանալու համար, և հայ-իրանական հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի:

Մինչդեռ հայտնի է, որ Գալիբաֆը հայերի նկատմամբ ջերմորեն է տրամադրված, ժամանակ առ ժամանակ այցելում է Թեհրանի հայ համայնք և քաղաքային բյուջեից ֆինասնական աջակցություն ցուցաբերում համայնքին:

Հայտնի է նաև Ալի Աքբար Վելայաթիի «համաիրանական» դիրքորոշման մասին, ով Իրանի ԱԳՆ ղեկավարի իր պաշտոնակատարության ժամանակ Իրանի հայկական համայնքի միջոցով Երևանին միայն մի միտք է փոխանցել՝ Իրանը եղել և մնում է բազմազգ երկիր, և հայերը Պարսկաստանի կազմում  լավ են ապրել, քանի որ այն եղել է ոչ թե պարսիկների, այլ բոլոր ազգերի և հավատքների երկիրը: Իրանի ինտելեկտուալ էլիտայի «պանիրանիզմը» այսօր ենթադրում է «Մեծ Իրանի» վերստեղծումը, որն իր կազմի մեջ էր ներառում Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանն ու Տաջիկստանը:

Վերջում հարկ է նշել, որ տնտեսական և քաղաքական դժվարություններն այսօր Իրանին թույլ չեն տալիս «պանիրանիզմն» ընդունել որպես արտաքին քաղաքականության միասնական հասկացություն: Սակայն երկրում նախընտրական արշավը ցույց է տալիս, որ դրա տարրերը կան գրեթե բոլոր հիմնական թեկնածուների քաղաքական ծրագրերում: