Home / Հայաստան / Ոստիկանությունը կրկին ցուցարարներից մաքրել է Ստամբուլի գլխավոր հրապարակը

Ոստիկանությունը կրկին ցուցարարներից մաքրել է Ստամբուլի գլխավոր հրապարակը

Թուրքիայի ոստիկանությունը չորեքշաբթի առավոտյան Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակից դուրս է մղել ցուցարարներին: Հիշեցնենք, որ ոստիկանների և ցուցարարների միջև Թաքսիմում բախում էր եղել նաև երեկ:

Այն բանից հետո, երբ այսօր ոստիկանությունը կրկին հրապարակ է մտել, այնտեղ են բերվել կոմունալ ծառայությունների աշխատակիցները, ովքեր ներկում և լվանում են ցուցարարների թողած բազմաթիվ գրառումները պատերին և ասֆալտին, հավաքում են թափված պաստառներն ու ցուցանակները:

Ցուցարարների հավաքատեղին շարունակում է մնալ Թաքսիմի մոտ գտնվող Գեզի այգին, որի վերակառուցման դեմ նրանք պայքարում են հունիսի սկզբից: Այգու ամենահարմար մուտքը արգելափակելու նպատակակով դեպի ներս տանող աստիճանների վրա ցուցարարները հրդեհված մեքենաներով և ձեռքի տակ գտնվող այլ միջոցներով բարիկադներ են կառուցել:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ ոստիկանությունը մաքրել է բարիկադներից Թաքսիմի հարակից փողոցները:

Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն լարվածության կտրուկ աճի պատճառով ցուցարարներին հորդորել է մտածել իրենց անվտանգության մասին և լքել այգին: Ցուցարարները չեն համաձայնում և ծրագրում են շարունակել ակցիաները:

Ըստ տեղական հեռուստընկերություններից մեկի՝ բողոքի շարժման 11 ներկայացուցիչներն այսօր երեկոյան կհանդիպեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կքննարկեն այգու վերակառուցման խնդիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են այգու փոխարեն առևտրի կենտրոն կառուցելու մտքից, սակայն շարունակում են պնդել, որ այդ տեղում կառուցվելու են Օսմանյան կայսրության օրերին օգտագործվող զինանոցների նմանակները՝ որպես թանգարանային նմուշներ: