Home / Հայաստան / Քանի դեռ Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում Ադրբեջանում ապրել, նրանց ոչ ոք չի ստիպի. ադրբեջանցի ռեժիսոր

Քանի դեռ Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում Ադրբեջանում ապրել, նրանց ոչ ոք չի ստիպի. ադրբեջանցի ռեժիսոր

Եթե Ղարաբաղի բնակիչները տեսնում են, թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում Ադրբեջանը, ինչպես են խախտվում մարդու իրավունքները, ինչպես է կաշառակերությունը ներթափանցել հասարակության բոլոր շերտեր, նրանք, բնական է, չեն ցանկանում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն, խնդրի լուծման եղանակներից է Ադրբեջանում իրավիճակի կարգավորումը.  այլ տարբերակ չկա: Այս մասին BBC-ի ռուսաստանյան ծառայության հետ զրույցում հայտարարել է մշակութային գործիչ, գրող և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը:

«Ես համոզված եմ, որ խնդրի լուծմանը խանգարում է իրավիճակը Ադրբեջանում, քանի որ երբ ես ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ունենան նույն իրավունքներն, ինչ ունեն ադրբեջանցիները, և նրանց ոչ մի դեպքում չի կարելի անվանել «թշնամի», ինձ մեղադրում են հայամետության մեջ, ինչը անհեթեթություն է:

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ուզում ապրել Ադրբեջանում, նրանց ոչ ոք չի կարողանա ստիպել: Նրանց հետ աշխատանքներ պիտի տարվեն: Իսկ աշխատանքներ կարող են տարվել միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնեն, որ Ադրբեջանի ժողովուրդը նրանց անկեղծ է վերաբերվում, որ իրենք  ժողովրդի մի մասն են և կարող են այդ երկրում ապրել անվտանգ:

Ադրբեջանի իշխանություններն այս ամենը չեն իրականացնում, սա չարաշահում են, այստեղից էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու ցանկությունը: Մնացած խնդիրները կապված են ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, և առանց գերտերությունների միջամտության այս հարցը անհնար է լուծել»,- նշել է Իբրահիմբեկովը:

Հարցին, թե չի վախենում ձերբակալվել Ադրբեջան վերադառնալուց հետո, ռեժիսորը պաասխանել է. «Ես վախենում եմ և ձերբակալությունից, և սպանությունից, ես սովորական մարդ եմ: Գիտեք, որ այժմ ձերբակալված է Իլհար Մամեդովը: Փայլուն երտասարդ, ReAl երիտասարդական շարժման առաջնորդներից մեկն անտեղի գտնվում է բանտում, միայն այն պատճառով, որ քննադատաբար է արտահայտվել և հայտարարել է, որ իր թեկնածությունն է ներկայացնելու նախագահական ընտրություններին: Այսինքն, ալիևյան ռեժիմը փորձում է վնասազերծել յուրաքանչյուր պոտենցիալ վտանգավոր մարդու, քանի որ այդ բոլոր վտանգները անկասկած գոյություն ունեն»:

Լուսանկարը՝ Rian.ru