Home / Հայաստան / Ռուբեն Վարդանյան. Հայաստանը միատարր երկիր է՝ կոշտ կլանային կառավարման սկզբունքով

Ռուբեն Վարդանյան. Հայաստանը միատարր երկիր է՝ կոշտ կլանային կառավարման սկզբունքով

Ռուսաստանցի գործարար, Sberbank CIB-ի համանախագահ, Սկոլկովո բիզնես-դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հայտարարել է, որ չի ցանկանում Հայաստանի նախագահ դառնալ: Այս մասին նա խոստովանել է «Դոժդ» հեռուստաընկերության «Սոբչակը ուղիղ եթերում» հաղորդման շրջանակներում:

Հաղորդավարուհին հետաքրքրվել է՝  արդյոք Վարդանյանը չի ցանկանում հետևել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի օրինակին և իր բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանի վրա, իր հայրենիքում լայնածավալ գործունեություն ծավալել, դառնալ քաղաքական գործիչ, իսկ 10-15 տարուց զբաղեցնել նախագահի պաշտոնը:

«Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Ես Հայաստանի համար շատ բան եմ անում. որպես Ռուսաստանի քաղաքացի՝ ես օգնում եմ իմ փոքր հայրենիքին, իրականացնում եմ որոշ ծրագրեր: Ես կարծում եմ, որ օգտակար եմ այնտեղ, որտեղ գիտեմ ինչ անել և ինչպես»,- ասել է նա: 

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանն «ունի իր խնդիրները՝ որպես կոշտ կլանային կառավարման սկզբունքով միատարր պետություն»:

Գործարարը չի համաձայնել Սոբչակի այն ենթադրության հետ, որ Հայաստանի իշխանությունները, իմանալով Վարդանյանի հնարավորությունների մասին, չեն ցանկանում թույլ տալ, որ երկրի ներսում նրա ազդեցությունն ավելի մեծանա. «Ոչ, ես ես երկրի ներկայիս իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Ես կարծում եմ, որ վատ քաղաքական գործիչ և վատ ղեկավար եմ, չունեմ այն հատկանիշները, որոնք ինձ թույլ կտային դառնալ հաջողակ քաղաքական գործիչ՝ հատկապես մի երկրում, որի մշակույթն ու մտածելակերպը տարբերվում են այն երկրից, որտեղ ես մեծացել եմ»:

Սոբչակի հարցին, թե Վարդանյանը չի ուզում 15 տարի հետո դառնալ Հայաստանի նախագահ, գործարարը բացասական պատասխան է տվել՝ ավելացնելով, որ ինքը հաստատ գիտի՝ ով է ուզում լինել:

«Ես ուզում եմ ստեղծել հիմնադրամների համակարգ, ուզում եմ օգնել Ռուսաստանում ստեղծել բարեգործության ոլորտ: Ես այն մարդն եմ, ով կօգնի ստեղծել և զարգացնել հետաքրքիր նախագծեր բարեգործության, կրթության, մշակույթի ոլորտներում, որոնք շատ կարևոր և անհրաժեշտ են: Ես կօգնեմ երկրում մեծացնել վստահության շառավիղը», – եզրափակել է Վարդանյանը: