Home / Հայաստան / Ստամբուլում ծեծել ու ձերբակալել են ռուսաստանցի լրագրողի

Ստամբուլում ծեծել ու ձերբակալել են ռուսաստանցի լրագրողի

Ստամբուլում ծեծել ու բերման են ենթարկել ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Բաբչենկոյին: Ռուսաստանի հյուպատոսությունը այժմ զբաղվում է նրան ազատելու հարցերով: Չի բացառվում, որ Արկադի Բաբչենկոն կարտաքսվի, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Բաբչենկոյին բերման են ենթարկել երեկ Թաքսիմ հրապարակից, որտեղ Գեզի այգու պահպանման համար բողոքի ակցիաներ են անցկացվում: Համացանցում արդեն հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են լրագրողին մոտենում երկու ոստիկաններ: Նրանք փորձում են Բաբչենկոյին ստիպել չլուսանկարել հրապարակի իրադարձությունները, հետո սկսում են նրան քաշքշել և փորձում ձեռքից խլել տեսախցիկը: Այնուհետև, ըստ լրագրողի, նրան տարել են հարակից բակերից մեկը և սկսել ծեծել: Նա հայտնվել է հիվանդանոցում, որից հետո նրան տարել են ոստիկանական բաժանմունք:

Ռուսաստանի հյուպատոսությունում պնդում են, որ Բաբչենկոյի առողջությանը վտանգ չի սպառնում, և դիվանագետները փորձում են նրան ազատել: Բաբչենկոյին ներկայացված պահանջները վերաբերում են ձերբակալության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալուն: Ըստ հյուպատոսի՝ լրագրողը Թուրքիայում լրագրողական գործունեություն ծավալելու թույլտվություն չի ունեցել, իսկ երկիր ժամանել է որպես զբոսաշրջիկ: Օրենքը խախտելու համար նրան կարող են արտաքսել Թուրքիայից:

Բաբչենկոյի արտաքսման մասին որոշումը կարող է ընդունվել մոտակա ժամերի ընթացքում: