Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն էլ են մասնակցել գողությանը, վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանը

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն էլ են մասնակցել գողությանը, վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանը

Պետք չէ վերջնական հաղթանակի ուղղված պայքարի շարունակումը համարել պարտություն: Այս մասին երեկ Գրողների միությանը կազմակերպված հանդիպմանը ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նա հորդորել է չկարծել, թե իր նախաձեռնած «Նոր Հայաստանի» հեղինակային իրավունքը իրեն է պատկանում, քանի որ «դա բոլորի պայքարն է, ով Ազատության հրապարակում երդում է տվել ապրիլի 9-ին»:  

Նա  նկատել է, որ հայաստանցիները շատ են արտագաղթում և հավելել է, որ եթե ինքը պատասխանատու է մեկ մարդու արտագաղթելու համար, ապա ներողություն է խնդրում: Սակայն ըստ Հովհաննիսյանի՝ «անընտիր» իշխանության մեղադրանքները, թե ժողովուրդը հիասթափվել է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» պատճառով, անթույլատրելի են: 

«Մենք պետք է վերականգնենք ժողովրդի հավատը: Կամ մենք կմիավորվենք մեկ դրոշի տակ, կամ ամեն մեկն առանձին կպայքարի», – ասել է Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը, վերջին երկու ամիսների սոցիալ-քաղաքական իրավիճակին անդրադառնալով, խոսել է երկու զարգացումների մասին. Մեկը, ըստ նրա, այն է, որ երդում տված մարդկանցից որոշներն իրենց գործն ավարտված են համարում, նրանք նստում են համակարգիչների առաջ և Facebook-ում գրառումներ կատարում: Քննադատելով տվյալ երևույթը՝ Հովհաննիսյանը դրական է գնահատել  վերջին ամիսներին շատացող քաղաքացիական խմբերի  ընդվզումները՝ ազատամարտիկների, զոհվածների մայրերի, «Արմավիայի» աշխատողների, օդաչուների, կարկուտից տուժած գյուղացիների, փաստաբանների բողոքի ակցիաները:  

«Ժառանգության» առաջնորդը, Վերահսկիչ Պալատի հաշվետվության մասին խոսելով, խորհուրդ է տվել չզարմանալ, քանի որ այդ չարաշահումների մասին «մենք վաղուց գիտեինք»:

«Թող Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը չնստեն ու ասեն՝ մենք կապ չունենք, գողանում են՝ կպատժենք: Իրենք գիտեն, իրենք են մասնակցել: Այս իշխանությունների օրոք հարցը չի լուծվելու», – կոռուպցիայի մասին խոսելով՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: