Գլխավոր / Հայաստան / ՊՆ-ն Յուրի Խաչատուրովի որդու մասին լուրը սուտ ու վարկաբեկիչ է որակել

ՊՆ-ն Յուրի Խաչատուրովի որդու մասին լուրը սուտ ու վարկաբեկիչ է որակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ինտերնետային կայքերում տարածված տեղեկությունները, թե Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ 4 զինծառայողի է ծեծի ենթարկել:

Yerkir.am կայքի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ նման միջադեպ չի եղել՝ տեղեկությունները բացարձակ սուտ անվանելով: Կայքի հարցին, թե արդյոք ՊՆ-ն պատրաստվում է դատի տալ ապատեղեկատվությունը տարածողին, Հովհաննիսյանը պատասխանել է. «ՊՆ-ն դատի չի տա, բայց ես չեմ բացառում, որ նման հերյուրանքներ տարածելը շարունակելու դեպքում տվյալ անձը, ում մասին նման սուտ ու վարկաբեկիչ ապատեղեկատվություն է տարածվում, կդիմի դատարան»:

Խաչատուրովի որդու մասին տեղեկատվությունը տարածել էր nrnak.com կայքը՝ չնշելով որդու անունը: Նշենք, որ Յուրի Խաչատուրովը երեք որդի ունի: Համաձայն կայքի, ծեծված զինծառայողներից երեքը Վանաձորի հոսպիտալ, իսկ Զորիկ անունով զինվորին, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը: