Home / Հայաստան / «Դատարանն անօրեն որոշում է կայացրել 118 մարդու դեմ». նամակ՝ ԱԺ-ին

«Դատարանն անօրեն որոշում է կայացրել 118 մարդու դեմ». նամակ՝ ԱԺ-ին

«Կիլիկա» առևտրի կենտրոնի 118  աշխատակցիները դիմել են ԱԺ-ին՝ ի դեմս  խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ խնդրելով աջակցել իրենց հարցի լուծման գործում:

Ներկայացնելով խնդիրը՝ դիմողները նշում են, որ հունիսի 1-ին հարկային տեսչության աշխատակիցները պահանջել են իրենց լքել առևտրի կենտրոնի  տաղավարները, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանից գրություն են ստացել այն մասին, որ կենտրոնում աշխատող գործարարների ներկայացրած առողջացման ծրագիրը մերժվել է, և իրենց աշխատանքն այլևս օրինական հիմքեր չունի:

Իրենց նամակում քաղաքացիները նշում են, որ իրենց պարապուրդի մատնելու որոշումն անօրինական է:

«Տարածքի սեփականատեր «ԼԱՆ» ՍՊ ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է սնանկության գործընթացում և մեր նախաձեռնության կազմակերպիչ «Մադէլինա-Լենա» ընկերությունը անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ինչպես նաև սնանկության գործերով կառավարչի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ: Ընկերությունը դատարանին ներկայացրել է առողջացման ծրագիր, ստացել է համապատասխան լիցենզիա, կնքվել են համապատասխան պայմանագրեր: Մեզանից յուրաքանչյուրը գրանցվել է հարկային տեսչության համապատասխան մարմնում, ստացել ենք հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնք GPRS-ով միացվել են ընդհանուր համակարգին», – վստահեցնում են առևտրականները՝ ընդգծելով, որ, չնայած այն ամենին, որ աշխատանքներն արդյունավետ ընթացք ունեին, դատավորը չի ընդունել առողջացման ծրագիրը և իրենք արդեն 15 օր է՝ պարապուրդի են մատնված:

«Այո, չարաբաստիկ գրության արդյունքում բոլոր կողմերին միայն օգուտ բերող նախաձեռնությունը Վարդազարյանի թեթև ձեռքով սկսեց իսկապես վնաս հասցնել պետությանը` շրջանառության հարկերց զրկելով և մեր` ձեռներեցներիս ընտանիքներին հացից զրկելով: Մեր վնասները ուղղակի կործանարար են, քանի որ վարկային պարտավորություններ ունենք, գնորդներ ենք կորցնում, մատակարարներին ստիպված ենք լինելու փոխհատուցել, ու անորոշ ժամանակով պարապուրդի ենք մատնվել», – նշում են առևտրականները:

Ըստ նրանց զարմանալի է այն, որ նախապատրաստական աշխատանքների երկար գործընթացի ժամանակ մշտապես ամեն ինչից տեղյակ և ուղեցույց հանդիսացած դատարանը հանկարծ այնպես է իրեն պահում, կարծես, ոչնչից տեղյակ չէր:

«Հարգելի խորհրդարան, մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ անգամ արտագաղթի համար անհրաժեշտ միջոցներ չունենք: Խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը, որպեսզի վերաքննիչ ատյանում հնարավորինս արագ և արդարացիորեն շտկեն Կենտրոնի դատարանի նախագահի ստեղծած քաոսը: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Վարդազարյանը տարածքի հետ կապված անձնական շահագրգռվածություն ունի: Մեր թախանձագին խնդրանքն այն է, որ գոնե միջանկյալ կարգով կայացված որոշման միջոցով մեզ թույլ տրվի աշխատել, որպեսզի մեր արդեն իսկ կրած հսկայական վնասները չկործանեն մեր ընտանիքները»,- գրում եմ «Կիլիկայի» աշխատակիցները: