Home / Հայաստան / Թուրքիայում ցուցարարներին ցրելու համար կարող է գործի դրվել բանակը

Թուրքիայում ցուցարարներին ցրելու համար կարող է գործի դրվել բանակը

Եթե Թուրքիայի ոստիկանության ուժերը բավարար չլինեն Գեզի այգու համար պայքարող ցուցարարներին ցրելու համար, ապա գործի կդրվեն նաև երկրի զինված ուժերը: Այս մասին այսօր A Haber հեռուստատեսությամբ հայտարարել է Թուրքիայի  փոխվարչապետ Բյուլենթ Առինջը:

«Մեզանից պահանջվում է դադարեցնել օրենքից դուրս անցկացվող ցույցերը: Եթե բավարար թվով ոստիկաններ չլինեն, բանակն էլ գործի կանցնի: Օրենքը թույլ է տալիս նման իրավասություն կիրառել»,- ասել է Առինջը:

Փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկաններն օգտվելու են իրենց տրված բոլոր լիազորություններից, և ոչ ոչ դրանից չպետք է բողոքի, իսկ ոստիկաններին քննադատողները, նրա խոսքով, հենց քաղաքները ոչնչացնողներն են:

«Ցույցերը Գեզի այգուն վերաբերող բողոքների, ինչպես նաև օրենքի սահմաններից դուրս են եկել: Դրանք, հնարավոր է, շարունակվեն այլ փողոցներում և թաղամասերում: Այս դեպքում ցույցերն անմիջապես կկասեցվեն, իսկ պատասխանատուների նկատմամբ իրավական գործընթաց կսկսվի: Ես կարծում եմ, որ 20 օր առաջ սկսված անմեղ ցույցերն արդեն ամբողջովին դադարել են»,- ասել է փոխվարչապետը՝ ակնարկելով ոստիկանական նոր միջամտության մասին:

Միևնույն ժամանակ, Ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերն ասել է, որ բանակը չի կանչվել դադարեցնելու 20 օր տևած ցույցերը:

«Ես բանակին աջակցության հարցով չեմ դիմել»,- ասել է նա: