Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. Կառավարության մոտ բողոքողներին խորհուրդ են տվել «ուրիշ գործ անել»

ՎԻԴԵՈ. Կառավարության մոտ բողոքողներին խորհուրդ են տվել «ուրիշ գործ անել»

Մայիսի 23-ից պարապուրդի մատնված խաղային կռունկ ապարատների տերերը  այսօր Գյումրիից Երևան էին եկել՝ կառավարությունից պահանջելով վերանայել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի խաղային ապարատները պետք է տարեկան հարկվեն 5 միլիոն դրամով:

Նշենք, որ օրենքը սկսել է հավասարապես կիրառվել թե խաղատների, թե շահումով խաղերի դեպքում, եթե տվյալ շահումը ոչ թե, օրինակ, խաղալիք է, այլ ծխախոտ:

«Մայիսի 25-ին նամակ ենք հանձնել Ֆինանսների նախարարությանը, կառավարությանը, այնուհետ՝ ՀՀ նախագահին, մինչև հիմա պատասխան չկա, մենք էլ եկել ենք պատասխանի հետևից: Մենք էլ ուզում ենք աշխատել, բայց մեր երկրում չեն թողնում, սաղս պետք ա թողենք, էթանք Հայաստանից», -Epress.am-ին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, ով չի նշել անունը:

Բողոքողները նշել են, որ իրենց ընկերներից շատերն օրենքի ընդունումից հետո  ընդմիշտ հեռացել են Հայաստանից: 

25-ամյա Արսեն Հակոբյանը նույնպես փաստել է, որ 2 օրից ինքն էլ իր ընկերների պես աշխատանք փնտրելու նպատակով լքելու է Հայաստանը:

Ավելի ուշ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը (գլխավոր լուսանկարում-խմբ.) մոտեցել է հավաքվածներին և ասել է, որ 5 միլիոն դրամ վճարելը օրենքի պահանջն է, ու բոլորը պետք է ենթարկվեն այդ պահանջին:

Ակցիայի մասնակիցները Ղազարյանի հետ զրույցում հարցրել են՝ արդյո՞ք կառավարությանը հետաքրքրում է, որ այդ նույն ընդունված օրենքով 10 հազար մարդու կտրել են հացից ու դրդում են գողության:

«Եթե կդառնաս, քեզանով կզբաղվեն համապատասպան մարմինները»,- ասել Ղազարյանն ու հավելել՝ «գնա ուրիշ գործ արա, գնա-դիմի քաղաքապետարան, էնքան աշխատանք կա»:

Շուրջ 30 րոպե տևած զրույցից հետո ակցիայի մասնակիցները հիասթափված հեռացել են:

«Պետությունը մեր ժողովրդին դեմ է, եթե մի հոգու ջեբը էդ փողն էրթար, ստեղ էլ՝ (կառավարության մոտ- խմբ.) կդնեին էդ ապարատը: Գնալու եմ սև լենտ խփեմ ապարատին, տանեմ թաղեմ», -ասել է  Վարդան Եղիազարյանը: