Home / Հայաստան / Ղարաբաղի հարցով միջնորդերին խորհուրդ են տալիս հաշվի առնել առավել տուժած խմբի կարծիքը

Ղարաբաղի հարցով միջնորդերին խորհուրդ են տալիս հաշվի առնել առավել տուժած խմբի կարծիքը

Չափազանց կարևոր է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդներն իմանան, թե ինչ են մտածում բանակցությունների մասին հակամարտությունից ամենաշատը տուժած խմբի ներկայացուցիչները՝ փախստականները: Փախստականների ձայնը լսելի դարձնելու նպատակն են իրենց առջև դրել այսօր Երևանում ներկայացված «Փախստականների վերադարձեր իրենց տներ. Իրավունք, թե պարտականություն» զեկույցի հեղինակները՝ հայաստանյան Democracy Today (Ժողովրդավարությունն այսօր) և ադրեջանական Association for protection of Women’s Rights named after D. Alieva (Դ.Ալիևայի անվան Կանանց իրավունքների պաշտպանության ասցիացիա) կազմակերպությունները: 

Զեկույցի հեղինակները հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և Ադրբեջանում, որի ընթացքում հարցումներին մասնակցել են 60 հայ և ադրբեջանցի փախստականներ՝ հիմնականում Բաքվից, Սումգաիթից և Լեռնային Ղարաբաղից: Նրանցից 47-ն ասել է, որ հույս չունի վերադառնալ իրենց տներ, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան:

«Մեր նպատակն է ցույց տալ փաստեր փախստականների մասին և այդ փաստերին  հորդորել  նայել մարդու իրավունքների տեսանկյունից, այլ ոչ թե  դիվանագիտական:  Պետք է նաև չմոռանալ, որ փախստականների խնդիրը փոխվում է, գործընթացներ են տեղի ունեցել վերջին տարիներին, դրանք ևս պետք է հաշվի առնել»,- այսօր զեկույցի ներկայացմանն ասել է  Democracy Today-ի նախագահ Գյուլնարա Շահինյանը: 

Զեկույցի հեղինակները համոզված են, որ ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է պարտադիր հաշվի առնեն, որ երկու կողմերի փախստականների խնդիրները միաժամանակ պետք է լուծվեն, և եթե հարց է բարձրացվում մի կողմի փախստականների վերադարձի մասին, ապա մյուս կողմի փախստականները ևս պետք է վերադառնան:

«Փախստականներին երկու կողմերն էլ համարում են բեռ: Նրանց, ինտեգրացնելու փոխարեն, կղզիացնում են: Բայց պետք է հասկանալ, որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է: Փախստականները մարդիկ են, և նրանք չպետք է դառանան քաղաքական խաղաքարտ դիվանագետների ձեռքին, նրանց խոսքը պետք է բերել բանակցությունների սեղան»,- ասել է Գյուլնարա Շահինյանը:

Նրա խոսքով՝ փախստականների ինտեգրման խնդիրներից է նաև այն, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը գնտվում են վատ ֆինանսատնտեսական վիճակում, ուստի փախստականներին օգնություն տրամադրելը ստեղծում է լարվածություն նրանց և տեղացիների միջև: Իսկական ինտեգրումը, ըստ Շահինյանի,  փախստական մասնագետներին գործով ապահովելն է, այլ ոչ  օգնություն տրամադրելը:

Democracy Today-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ ադրբեջանական կողմը հարցումներ անցկացնելու ընթացքում որոշակի խոչընդոտների է հանդիպել, ինչը կապված էր Աքրամ Այլիսիիի գրքի շուրջ քննարկումների և հայերի հետ որևէ համագործակցություն արգելող օրենքի նախագծի շրջանառման հետ: Ինչևէ, հարցումները բարեհաջող հասցվել են ավարտին:

Նշենք, որ զեկույցի ներկայացմանն այսօր հրավիրված են եղել նաև Մինսկի Խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները, սակայն նրանք ներկա չէին: