Home / Հայաստան / Ստամբուլում ձերբակալված ռուսաստանցի լրագրողը ազատ է արձակվել

Ստամբուլում ձերբակալված ռուսաստանցի լրագրողը ազատ է արձակվել

Ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն, ով Ստամբուլում ձերբակալվել էր Թաքսիմ հրապարակում տեսագրություններ կատարելու համար, ազատ է արձակվել, հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայում ՌԴ հյուպատասության վրա:

Ստամբուլում ՌԴ հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոն պատմել է, որ ստամբուլյան դատախազությունը որոշում էր ընդունել Բաբչենկոյի դեմ գործ չհարուցել: Կուզովենկոն նաև ենթադրել է, որ լրագրողին կարտաքսեն Թուրքիայից, սակայն «Նովայա Գազետա»-ն պնդում է, որ այդպիսի որոշում չի կայացվել: Ինքը՝ Բաբչենկոն նշել է, որ Թուրքիան կլքի հունիսի 17-ից ոչ շուտ, երբ նախատեսված է իր հետադարձ չվերթը:

Հիշեցնենք, որ Բաբչենկոյի ձերբակալության մասին հատնի էր դարձել հունիսի 14-ին. Լրագրողի խոսքով՝ ինքը Ստամբուլում լուսանկարում էր ոստիկանական մեքենաները, որից հետո նրան էին մոտեցել երկու ոստիկան և պահանջել դադարեցնել նկարահանումը, այնուհետև՝ ծեծի ենթարկել: Բաբչենկոն հայտնվել էր հիվանդանոցում, որտեղից նրան տարել էին ոստիկանական բաժանմունք:

Արկադի Բաբչենկոն «Նովայա Գազետայի» հետ համագործակցող անկախ լրագրող է, ով մասնագիտացված է զինված հակամարտությունների լուսաբանման մեջ: Ստամբուլում նա լուսաբանում էր Գեզի այգու վերակառուցման դեմ անցկացվող զանգվածային ցույցերը: