Home / Հայաստան / Գազի գնի շուրջ պայմանագրի ժամկետն իմանալու համար Արամ Մանուկյանը կդիմի ռուսական կողմին

Գազի գնի շուրջ պայմանագրի ժամկետն իմանալու համար Արամ Մանուկյանը կդիմի ռուսական կողմին

Հայաստանի իշխանությունները նման են տուն բերած «գեշ» հարսին. ինչ կար տանը ծախեց` փոխարենը ոչինչ չտալով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես քաղաքական գործիչ ինչ է պատրաստվում անել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ Մոսկվայում վարվող բանակցությունների ընթացքում «ՀայՌուսգազարդին» պատկանող 20% բաժնեմասն օտարելու կապակցությամբ:

«Ոչ միայն Էներգետիկայի նախարարը, այլ ամբողջ կառավարությունը և «ՀայՌուսգազարդը» կորցրել են իրենց հիշողությունը, չգիտեմ՝ դա ինչ հիվանդություն է կոչվում, արդեն երկու շաբաթ բոլոր տարբերակներով փորձում եմ ճշտել՝ ե՞րբ է ստորագրվել պայմանագիրը, մինչև հիմա չեմ հասել հաջողության ու դիմելու եմ ռուսական կողմին՝ փորձելով ստանալ շատ սովորական այդ տեղեկությունը:

«Մի բան հստակ է, ակնհայտ է՝ այդ պայմանագիրը ստորագրվել է շուտ, նախագահական ընտրություններից առաջ: Այս կարգի հանցագործ գործարք անել ժողովրդի  թիկունքում, ինչի բացահայտումը կբերեր ժողովրդի խիստ դժգոհության ընտրություններից առաջ: Իրենց ընդամենը պետք էր թաքցնել դա՝ մինչև կավարտվեին ընտրությունները: Հետևողական եմ ու փորձելու եմ այդ պայմանագիրը վերցնել, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել», -ասել է Մանուկյանը:

Թե որքան կտուժի Հայաստանը 20% բաժնեմաս օտարելու դեպքում, Մանուկյանը պատասխանել է՝ «ավելին, քան դուք պատկերացնում եք»:

«Դրանով մենք ոչ միայն գազի մեր մասնաբաժինն ենք տալիս, այլև մեր սուվերենության բաժինը: Գազը, էլեկտրաէներգիան քաղաքականության մեջ լուրջ, ծանր գործիքներ են, և եթե այդ գործիքը դու 100 տոկոսով տալիս ես Հայաստանից դուրս որևէ այլ սուբյեկտի, ապա ուրիշի ես տալիս քո խոսելու, բանակցելու իրավունքը, և սա նշանակում է, որ դու ոչ միայն այդ, այլև քաղաքական դաշտում դու ուղղակի որպես խաղացող, որպես սուվերեն, բանակցող կողմ ոչնչանում ես: Սա դավաճանական, հակապետական գործարք է հայ ժողովրդի թիկունքին», – ասել է Մանուկյանը: