Home / Հայաստան / Հայրիկյանի վրա կրակել են Սեդրակյանին վատություն անելու համար, պնդում է մեղադրյալը

Հայրիկյանի վրա կրակել են Սեդրակյանին վատություն անելու համար, պնդում է մեղադրյալը

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը հետևել է մեկ այլ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի օրինակին և հրաժարվել է նախաքննական ցուցմունքից: Ամբաստանյալները պնդում են, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի:

Սամվել Հարությունյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպել է Վարդան Սեդրակյանին «վատություն» անելու համար, քանի որ վերջինս չէր վճարել իրեն հասնելիք աշխատավարձը: Այս մասին Հարությունյանն ասել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ժամանակ: Հարությունյանը մեղադրվում է մահափորձ կազմակերպելու, նույն գործով անցնող Խաչատուր Պողոսյանը՝ Հայրիկյանի վրա կրակելու, իսկ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը` մահափորձը պատվիրելու մեջ:

Ինչպես Epress.am-ին փոխանցել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, այսօր Սամվել Հարությունյանը հայտարարել է, որ ինքը երկար ժամանակ աշխատել է Վարդան Սեդրակյանի մոտ և վերջինս միշտ պայմանավորվածից քիչ փող է իրեն տվել: Սա, ըստ ամբաստանյալի, այնքան է զայրացրել իրեն, որ որոշել է Սեդրակյանին վատություն անել՝ մեծ աղմուկ բարձրացնելով և Սեդրակյանին դրա մեջ ներքաշելով:

«Աղմուկ լինի, ցանկանում էի հայտնի մարդու հետ կապված լինի: Ու դրա համար մտածեցի Հայրիկյանի ուղղությամբ», – ասել է Հարությունյանը:

Ամբաստանյալը հրաժարվել է պատասխանել դատավարության կողմերի հարցեին: Միայն դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին, թե որքան էր Սեդրակյանն իրեն պարտք, ասել է՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հարությունյանն ասել է, որ հույս ուներ Սեդրակյանին շանտաժ անել և  ստանալ այդ գումարը:

Գործով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը ցուցմունքը լսելուց հետո հայտարարել է, որ ամբաստանյալի ասածներն էական հակասություններ ունեն նախաքննական ցուցմունքի հետ:

Ամիրզադյանը կարդացել է Հարությունյանի նախաքննական ցուցմունքը: Վերջինս նշել էր, թե Վարդան Սեդրակյանն իրեն կանչել է և ասել, թե մարդ կա, ում պետք է վախացնել՝ մատնանշելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Հարությունյանը չի ցանկացել մասնակցել այդ դավին, սակայն հետո պայմանով, որ Հայրիկյանի վրա չեն կրակի, այլ միայն կվախացնեն, համաձայնել է՝ վերցնելով 1000 դոլար, որի կեսը տվել է մյուս ամբաստանյալ, Հայրիկյանի վրա կրակած Խաչիկ Պողոսյանին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին վերջինս նույնպես հրաժարվել էր նախաքննական ցուցումնքից՝ հայտարարելով, որ Հարությունյանը նույնը կանի:

Այս պահին դատական նիստը շարունակվում է: 

Լուսանկարը՝ 168.am