Home / Հայաստան / Բողոքող գյուղացիներից խոստացել են ծիրան գնել 300 դրամով (թարմացված)

Բողոքող գյուղացիներից խոստացել են ծիրան գնել 300 դրամով (թարմացված)

Այսօր Արմավիրի մարզ այցելած փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հանդիպել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մի քանի գյուղերի գյուղապետերի  ու գյուղացիների հետ` ծիրանի մթերման խնդիրները քննարկելու համար:

Փոխնախարարը խոստացել է, որ մինչև ծիրանի բերքի ավարտը մթերողները որոշակի չափաբաժնով ծիրան կգնեն գյուղացիներից, ովքեր բողոքում են ցածր գներից և այն փաստից, որ մթերողներն ընտրություն է ծավալում՝ լավագույն բերքն ընտրելով:

«Օրինակ՝ մեր գյուղի համար որոշում կայացվեց, որ «Սպայկան» օրը 20 տոննա՝ մեկ ֆուր ծիրան կտանի՝ կիլոգրամը 300 դրամով: Գյուղացիներին ձեռք է  տալիս այդ որոշումը, պարզապես բերքն է շատ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Խանջյան համայնքի ղեկավար Սամվել Ավագյանը:

Վերջինս ավելի վաղ նշել էր, որ Արմավիրի մարզի  Նաիրի, Խանջյան գյուղերի բնակիչները առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել՝ երկու ժամով փակելով Թալին-Արմավիր մայրուղին:

Գյուղապետի խոսքով՝ թե անհատ մթերողները, թե «Սպայկա» ընկերությունը գյուղացուց բերքը գնում են 10-12 կգ-անոց արկղերով:

«Արկղը 2000-3000 դրամով տանում են ու այն էլ շատ քիչ քանակով: 4-5 գյուղ հավաքվել-բողոքում էին, սակայն զրուցում են մարզպետի հետ ու երևի հարցի լուծման համար կզրուցեն նաև մթերողների հետ», – ասել է մեր զրուցկիցը:

Ավագյանը նշել է, որ իրենց համայնքը կարկուտից չի տուժել, ընդհակառակը՝ վերջին 20 տարիներին ծիրանի նման առատ բերք չեն ունեցել:

«Շատ լինելուց ծիրանը մանր է, ինչի պատճառով էլ գնորդները այդքան շատ չեն, իսկ դեղձ համարյա չկա», – ասել է գյուղապետը: