Home / Հայաստան / Մոսկվայում միգրանտների հետ զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 60 մարդ բերման է ենթարկվել

Մոսկվայում միգրանտների հետ զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 60 մարդ բերման է ենթարկվել

Նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանած՝ Մոսկվայի հանրակացարաններից մեկում բնակվող միգրանտները կռվի են բռնվել հանրակացարանում իրենց բնակության օրինականությունը ստուգող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 60 մարդ հայտնվել է ոստիկանության բաժանմունքում, հայտնում է Newsru.com-ը:

Կոնֆլիկտի մասին ոստիկանությանը հայտնել են ուրբաթ ժամը 20:30-ին. Զանգվածային ծեծկռտուքը սկսվել էր Մոսկվայի հյուսիս-արևմուտում գտնվող հանրակացարաններից մեկում:

«Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչներն ինքնուրույն ստուգումներ էին անցկացնում՝ հանրակացարանում միգրանտների բնակության հիմքերը պարզելու նպատակով: Կոնֆլիկտի երկու կողմերն էլ բերման են ենթարկվել՝ հետագա պարզաբանումներ կատարելու համար»,- գրում է Interfax-ը:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ խոսքը գնում է «Մոսկվայի վահանը» շարժման ներկայացուցիչների մասին: Այս կազմակերպության ակտիվիստները ստուգումներ են անցկացնում միգրանտների զանգվածային բնակության վայրերում: Կազմակերպությունում հայտնում են, որ իրենք ապօրինի միգրացիայի դեմ օրինական միջոցներ են կիրառում:

Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել 60 մարդ՝   հանրակացարանի 35 բնակիչ և 25 ակտիվիստ: Ներկա պահին պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները: