Home / Հայաստան / Վրաստանը որոշել է դադարեցնել հողի վաճառքը օտարերկրացիներին

Վրաստանը որոշել է դադարեցնել հողի վաճառքը օտարերկրացիներին

Հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ  օրինագիծ է հաստատել, որով մինչև 2014 թվականի ավարտը արգելվելու է օտարերկրացիներին գյուղատնտեսական հողատարածքների վաճառքը:

Օրինագիծը, որը ուժի մեջ կմտնի Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո, չի վերաբերում այն հողատարածքներին, որոնք արդեն գտնվում են օտարերկրացիների սեփականության տակ:

Գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին ասել է, որ սկզբում օրինագծի հեղինակները ծրագրում էին հողերի վաճառքն արգելել մինչև 2017 թվականը: Նրա խոսքով՝ հետագայում որոշվել է 2014 թվականը դարձնել առավելագույն ժամկետ: Եթե գյուղատնտեսական հողատարածքների հետ կապված հարցերը կարգավորվեն ավելի վաղ, արգելքը կարող է չեղյալ հայտարարվել ժամկետից շուտ, հաղորդում է Lenta.ru-ն:

2013 թվականի սկզբից վրաստանցի գյուղատնտեսները պահանջում են իրենց վերադարձնել օտարերկրացիներին պատկանող հողերը և դադարեցնեն դրանց վաճառքը: Ապրիլին Կախեթիի գյուղատնտեսները օտարերկրացիներին հողերի վաճառքի դեմ ստորագրահավաք սկսեցին: Գյուղացիների կարծիքով՝ հողատարածքները օտարերկրացիներին հասել են ապօրինի կերպով: Բացի դա, գյուղատնտեսները մտահոգված են օտարերկրացիների ներհոսքի կապակցությամբ, որոնցից շատերը ծագումով Հնդաստանից և Իրանից են:

Իրենց հերթին, օտարերկրացիները պնդում են, որ հողերը ձեռք են բերել օրինական կարգով և աճեցված բերքը վաճառում են վրացական շուկայում:

Ագուլաշվիլիի խոսքով՝ օտարերկրացիներին վաճառած հողատարածքների մասին կոնկրետ տվյալներ գոյություն չունեն: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ օտարերկացիներին վաճառվել է մոտավորապես 30 հազար հեկտար հողատարածք, որը կազմում է Վրաստանի գյուղատնտեսական հողատարածքների 4 տոկոսը: