Home / Հայաստան / Վրաստանում մարդահամար է սկսվել. նախորդ անգամ երկրում հաշվել են 5,5% հայ

Վրաստանում մարդահամար է սկսվել. նախորդ անգամ երկրում հաշվել են 5,5% հայ

2014 թվականին նախատեսված Վրաստանի բնակչության մարդահամարի առաջին փուլը սկսվում է այսօր՝ հուլիսի 1-ին, և կշարունակվի երկու շաբաթ: Սա կլինի վերջին 12 տարիների ընթացքում անկացված առաջին համընդհանուր մարդահամարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարդահամարի հետ մեկտեղ՝ կկազմվեն բնակչության ազգային և կրոնական պատկանելության, միգրացիայի, զբաղվածության, տնտեսական ակտիվության, կրթության, ինչպես նաև գյուղատնտեսական սեփականության մասին տվյալներ:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունից հայտնել են, որ, բացի բնակչության թվից, մարդահամարը թույլ կտա պարզել Վրաստանի բնակիչների իրական սոցիալ-տնտեսական վիճակը, հավատքը, քաղաքացիությունը, ինչպես նաև երկրում ժողովրդագրական իրավիճակը:

Վրաստանում վերջին մարդահամարն անկացվել էր 2002 թվականին: 2002 թվականի հունվարի 17-ի տվյալներով՝ Վրաստանում, բացառությամբ Աբխազիայի և Հարավային Օսիայի, բնակվում էր 4,371 միլիոն մարդ, որոնցից մոտավորապես 84%-ը վրացիներ, 6%-ը՝ ադրբեջանցիներ, 5,5%-ը՝ հայեր, 1,5%-ը՝ ռուսներ, և մոտավորապես 2%-ը՝ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: