Home / Հայաստան / Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածուն պատմել է՝ ինչու է ցանկանում, որ իրեն ձերբակալեն

Ադրբեջանի ընդդիմադիր թեկնածուն պատմել է՝ ինչու է ցանկանում, որ իրեն ձերբակալեն

Ադրբեջանում ընդդիմության կողմից առաջադրված նախագահի միասնական թեկնածուն՝ ռուսաստանցի ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը, վստահ է, որ երկրի բնակչության մեծամասնությունն իրեն է սատարում, սակայն կասկած չունի, որ կառավարությունը կանի ամեն ինչ՝ ընտրությունները կեղծելու համար: Այս մասին նա հայտարարել է Haqqin.az-ի հետ զրույցում: 

«Ես հուսով եմ, որ եթե ինձ ձերբակալեն, ժողովուրդը վերջնականապես կհասկանա, որ գործ ունի բացարձակապես ոչ ժողովրդավարական ղեկավարության հետ, և իմ ձերբակալությունն օգտակար կլինի գործին: Ես դեպքերի նման զարգացումը չեմ բացառում ու չեմ վախենում»,- նշել է Իբրագիմբեկովը:

Նրա խոսքով՝ 1993 թվականից ի վեր Ադրբեջանում ոչ մի ընտրություն առանց կեղծիքի չի ընթացել:

«Ես փորձում եմ խանգարել կեղծիքին, և հենց այդ պատճառով ներկա պահին չեմ վերադառնում երկիր: Լայնածավալ կեղծիքներից խուսափելու համար պետք են միջազգային դիտորդներ և միջազգային միջամտություն: Հենց դրանով է պայմանավորված իմ ուշացումը:

Եթե հիմա գամ Ադրբեջան, ապա ոչ մի զգալի փոփոխություն չեմ կարողանա իրականացնել, իսկ արտասահմանում կկարողնամ շատ ավելին անել: Այդ պատճառով, նախքան երկիր վերադառնալը, պետք է հիմքեր կառուցել: Ես Ադրբեջան վերադառնալու եմ, դրանում ոչ մի կասկած չունեմ: Ես ամեն ինչի պատրաստ եմ ու չեմ երկմտում: Ես երբեք չեմ ասել, թե վախենում են, որ ինձ կձերբակալեն, այլ միայն ասել եմ, որ կա այդպիսի հավանականություն:

Ազգային Խորհրդի ստեղծումը ամենուր դրական արձագանքների է արժանանում: Բոլորը դա պատմական քայլ են համարում, որ ահա վերջապես ադրբեջանական ընդդիմությունը միավորվեց: Իսկ դրա համար պահանջվեց 20 տարի: Եվ ԱՄՆ Պետդեպը, և այլ կառույցները կարծում են, որ մարդու իրավունքի տեսանկյունից Ադրբեջանում իրավիճակը  սարսափելի մակարդակի վրա է: Ամենակոպիտ կերպով խախտվում են քաղաքացիների բոլոր իրավունքները, գոյություն ունի հրեշավոր կոռուպցիա, և բոլորը դա միասնաբար ճանաչում են: Դա երևում է թե Եվրոպայի, թե Ամերիկայի զեկույցներից, և շուտով կլինի ևս մեկ այդպիսի զեկույց: Դրանցից պարզ է դառնում, որ աշխարհում մարդու իրավունքների և կոռուպցիայի տեսանկյունից ամենասարսափելի իրավիճակը Ադրբեջանում է: Բոլորը ցանկություն ունեն կարգավորել իրավիճակը և Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, և հենց դրանով էլ ես հիմա զբաղված եմ: Չեմ հասկանում, թե ինչու է իմ վերադարձի շուրջ նման աղմուկ բարձրացել: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ վերադառնալու եմ և որ ոչ մի բանից չեմ վախենում»,- հայտարարել է ընդդիմադիր թեկնածուն:

Նշենք, որ Իբրագիմբեկովն այսօր նախագահի թեկնածու է առաջադրվել Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի կողմից՝ 84 «կողմ» և 1՝ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: