Home / Հայաստան / Իրանի նոր նախագահը կոչ է անում չմիջամտել քաղաքացիների անձնական կյանքին

Իրանի նոր նախագահը կոչ է անում չմիջամտել քաղաքացիների անձնական կյանքին

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին չորեքշաբթի օրը կառավարությանն ու հոգևորականներին կոչ է արել դադարեցնել միջամտությունը իրանցիների անձնական կյանքին, համացանցն ավելի հասանելի դարձնել և պետական մամուլին թույլ տալ Իրանի խնդիրները լուսաբանելիս ավելի բաց լինել: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

«Կառավարության կամ հոգևորականության միջև չպետք է լինի և ոչ մի պառակտում, հատկապես այն ժամանակ, երբ մարդիկ հույս ունեն հասարակությունում ինչ-որ փոփոխություններ տեսնել»,- Թեհրանում հոգևորականների հետ զրույցի ժամանակ ասել է Ռուհանին:

Նա կարծիք է հայտնել, որ ուժեղ կառավարություն չի նշանակում ամեն հարցերում խոչընդոտող և միջամտող կառավարություն:

«Դա այն կառավարությունը չէ, որը սահմանափակում է քաղաքացիների կյանքը: Կառավարության ուժը կայանում է համաժողովրդական վստահության բարելավման, խնդիրների նվազեցման մեջ: Կառավարությունը պետք է ժողովրդին օգնի զարգանալ, հոգա նրանց կարիքների և փոփոխության ցանկության մասին»,- ասել է Ռուհանին, ով նախագահի աթոռը պաշտոնապես կզբաղեցնի մյուս ամսվա սկզբին: