Home / Հայաստան / Հայաստանը պատրաստ է ինտեգրվել եվրոպական ընտանիքին. մեկ շաբաթ առաջ այլ կարծիք էր հնչել

Հայաստանը պատրաստ է ինտեգրվել եվրոպական ընտանիքին. մեկ շաբաթ առաջ այլ կարծիք էր հնչել

Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը պատրաստակամ է ինտեգրվել եվրոպական ընտանիքին: Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ  Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու նպատակ երբևէ չի դրել:

Երևանում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի անցկացումը փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվելու եվրոպական մեծ ընտանիքին: Այս մասին խորհրդաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Համաժողովին մասնակցում են ավելի քան 30 երկրների պատվիրակությունների 80-ից ավելի ներկայացուցիչները:

Աբրահամյանը իր խոսքում հիշեցրել է նաև, որ երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը ու հայտարարել, որ երիտասարդ ժողովրդավարությամբ պետություն լինելով հանդերձ՝ Հայաստանը ունի սահմանադրական սկզբունքների հարուստ ավանդույթներ՝ իրավունքի նորմերի ու ազգային արժեհամակարգի հաջողված համադրումով:

«Մասնավորապես, այս տարի լրանում է 18-րդ դարի հայ հայտնի հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության 240-ամյակը: 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռևս 18-րդ դարում սահմանելով ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը, ըստ էության, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ  առաջավոր եվրոպական մտածողությամբ», -նշել է ԱԺ խոսնակը:

Նշենք, որ հակառակ Աբրահամյանի՝ եվրոպական մտածողության ու եվրոպական ընտանիքին ինտեգրվելու մասին խոսքերին, մեկ շաբաթ առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու նպատակ երբևէ չի դրել:

Քոչարյանը` անդրադառնալով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի` հունիսի 26-ին արած հայտարարությանը, թե ինտեգրացիոն գործընթաներում Հայաստանը չի կարող որդեգրել Սերժ Սարգսյանի հայտարարած «և-և» (և’ Եվրոպական միություն, և’ Եվրասիական միություն) հայեցակարգը, քանի որ ընդունելի է միայն «կամ-կամ» տարբերակը, Քոչարյանն ասել էր.

«Բանակցվող փաստաթղթերում խոսք չկա ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, խոսքը միայն դաշնակցության մասին է: Քանի դեռ դրված չէ կառույցներին անդամակցությանը խնդիրը, որևէ հակասություն չկա` միաժանակ լինել և՛ ԵՄ ազատ առևտրի գոտու անդամ, և՛ նույնն իրականացնել Եվրասիական միության հետ»,- ասել Քոչարյանը` հավելելով, որ բանակցություններն ընթանում են երկու ուղղություններով` թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ համագործակցության: