Home / Հայաստան / «Էլ ի՞նչ նախագահ». Սերժ Սարգսյանը հեռացավ առանց ցուցարարներին մոտենալու

«Էլ ի՞նչ նախագահ». Սերժ Սարգսյանը հեռացավ առանց ցուցարարներին մոտենալու

Այսօր երեկոյան, երբ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընթանում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում շենքի դիմաց:

Ինչպես հաղորդում է lragir.am-ը, բողոքողները տներից զրկված Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներն էին, ովքեր վանկարկում էին. «Տվեք  մեր տները, թալանչիներ»:

Նիստից հետո ցուցարարները Սերժ Սարգսյանին սուլոցներով ու «ամոթ-ամոթ» վանկարկումներով են ճանապարհել: Նրանք հույս ունեին, որ Սերժ Սարգսյանը կմոտենա իրենց, սակայն նա ավտոմեքենաների շարասյունով արագ հեռացավ տարածքից:

«Էլ ի՞նչ նախագահ, որ ժողովրդից պիտի փախնի», – lragir.am-ի փոխանցմամբ՝ գոռում էին ցուցարարները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին և ասել, որ նրանցից մի քանիսը իր հետ կառավարություն գնան:

«Բոլոր հարցերին կպատասխանեմ, էս առջևում կանգնած տաս հոգիդ հետևեք ինձ», – ասել է վարչապետն ու կառավարության շենքի հետնամուտքով արագ ներս գնացել:

Դրանից հետո մոտ 50 ցուցարարների ու ոստիկանների միջև վեճ է ծագել, թե ով պետք է ներս մտնի: Ոստիկանները փակել են դարպասներն ու մարդկանց ներս չեն թողել:

«Միայն տասը հոգի», – հրահանգել են ոստիկանները, սակայն բոլոր ցուցարարները հրում էին դարպասն ու ցանկանում ներս մտնել: