Home / Հայաստան / «Հարսնաքարի» մոտ բողոքել են երգիչների հարսանիքի դեմ. Գասպարիին ոստիկանություն են տարել (թարմացված)

«Հարսնաքարի» մոտ բողոքել են երգիչների հարսանիքի դեմ. Գասպարիին ոստիկանություն են տարել (թարմացված)

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել են ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրի մոտ: Նրանք դեմ են, որ երգիչներն ամուսնանան մի վայրում, որտեղ մեկ տարի առաջ ծեծի էր ենթարկվել և դրա հետևանքով մահացել էր Վահե Ավետյանը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժումն այսօր պիկետ է հրավիրել «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ բողոքելով երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է Գարեգին Չուգազսյանը՝ որոշվել է հենց այս հարսանիքի օրը անցկացնել պիկետը, քանի որ այն առաջին հանրային հնչողություն ունեցող հանրսանիքն է՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանից հետո: Ավետյանը 2012-ի հունիսի 17-ին ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, իսկ 12 օր անց ստացված վնասվածքներից մահացել հիվանդանոցում:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ տվյալ հարսանեկան արարողությամբ փորձ է արվում մաքրել «Հարսնաքարի» անունը:

«Մենք զգոնության կոչ ենք անում: Այն տեղերում, որտեղ հանցագործություն է արվել և  հանցագործները չեն պատժվել, հնարավոր չէ երջանկություն կառուցել», – ասել է  Չուգասզյանը: Ակցիային մասնակցում էր մոտ 40 մարդ, հավաքվածները ձեռքներին ունեին «Վահե Ավետյանը ես եմ» գրառումով պաստառներ  և նկարներ, որի վրա գերեզմանաքարին գցված քող էր պատկերված:

Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել, որպեսզի ակցիան անցկացվի ռեստորանի դիմաց: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ ակցիայի նախաձեռնողները խախտում են այլոց՝            այդ դեպքում հարսանիքի մասնակիցների իրավունքները: Քանի որ ակցիայի մասնակցիները հրաժարվել են հեռանալ, ոստիկանույթունը ուժ է կիրառել և հրելով հեռացրել նրանց ռեստորանի մոտից: Ակիցիայի մասնակիցներից մեկը զանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծով և խնդրել է միջամտել:

Զանգահարողի խոսքով՝ քանի  դեռ իրենք հանրային ակցիա անելու իրավունքն են իրականցում, ոստիկանության գործողությունները պետք է ապօրինի համարել: 

 Ակտիվիստները ոստիկաններից կազմած պատնեշի մոտ՝ «Հարսնաքարի» դիմացի մայթին երկար են մնացել, սակայն Օսիպյանի գլխավորությամբ ուժերը նրանց այդպես էլ թույլ չեն տվել մոտենալ ռեստորանին: 

Ակտիվիստների մի մասը ակցիա է անցկացրել  «Հարսնաքարի» վերևի մուտքի մոտ: Այդ քաղաքացիներից մի քանիսը մոտեցել են բողոքողների հիմնական մասին և ասել, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Ատիվիստների խոսքով՝ Գասպարին պաստառով կանգնած է եղել, երբ նրան մոտեցել են ոստիկանները և քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա: Դրանից հետո նրան տեսնող չի եղել: Հետագայում Վալերի Օսիպյանը հաստատել է, որ Գասպարիին ոստիկանության բաժին են տեղափոխել բացատրություն տալու համար: Այլ մանրամասներ նա չի հայտնել: