Home / Հայաստան / Վեճ ակցիայի ժամանակ. «Ձեր երեխաների սպանությունները չեն բացահայտվելու» (ՎԻԴԵՈ)

Վեճ ակցիայի ժամանակ. «Ձեր երեխաների սպանությունները չեն բացահայտվելու» (ՎԻԴԵՈ)

«Զինվոր» ՀԿ-ների խորհուրդի նախագահը բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին այսօր ասել է, թե իրենց որդիների սպանությունները չեն բացահայտվելու: Մայրերը վստահ են, որ Խաչատրյանի քայլերը ուղղորդվում են իշխանությունների կողմից:

Բանակում  խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրեր Գոհար Սարգսյանը, Անահիտ Մկրտչյանը, Նանա Մուրադյանը և Իրինա Ղազարյանը հանդիպում են պահանջում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ նշելով, որ հանդիպմանը պետք է ներկա լինի «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (կեղծանունը՝ Մարոզ):

Այսօր Կառավարության շենքի մոտ անցկացվող հերթական բողոքի ակցիայի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները վիճաբանել են իրենց մոտեցած Մարգարիտա Խաչատրյանի հետ:   

Մարգարիտա Խաչատրյան

Խաչատրյանը նախ ներողություն է խնդրել մայրերից նրա համար, որ նախկինում խոստացել է աջակցել դեպքերի բացահայտմանը, ապա հայտարարել է՝ «իմացեք, ձեր երեխաների սպանությունները չեն բացահայտվելու»:

Այս հայտարարությունը վրդովվեցրել է մայրերին, ովքեր պատասխան են պահանջել Խաչատրյանից:

«Թող Մառոզը Կոստանյանի ու Օհանյանի մոտ անի նույն հայտարարությունը, որը արեց այսօր առավոտյան՝ որտեղի՞ց իրեն այդ ինֆորմացիան»,- Epress.am-ի թղթակցին ասել է 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Կանայք նշել են, թե տարիներ շարունակ նույն Խաչատրյանը հավաստիացրել է, որ ոչ մի զինվորի սպանություն չբացահայտված չի մնալու, մինչդեռ այսօր հակառակն է պնդել:

«Ես հասել եմ նրան, որ դիակների քանակը նվազել ա, բայց որ քրեական գործերով մի սպանություն բացահայտվել ա՝ չկա ըտենց բան», – մայրերի հետ զրույցում ասել է Խաչատրյանը, ում որդին ևս զոհվել է բանակում 1998 թվականին:

Խաչատրյանը նշել է, որ ինքն էլ խաբված է զգում՝ հաշվի առնելով զինդատախազության կողմից աշխատանքային խմբի ստեղծման փաստը, որը, համաձայն պաշտոնական հաղորդագրության, կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:

Գոհար Սարգսյանը նաև նշել է, որ փաստորեն տիկին Մարգարիտայի որդու գործն էլ դուրս է մնացել ու վերջինս դրանից վրդովվել է:

«Վեց տարի է, ինչ  կանգնած եմ՝ ուր էր Խաչատրյանը, ինչո՞ւ հենց այսօր հայտնվեց, որովհետև իր ոտքն էլ տրորեցի՞ն»,- ասել է Սարգսյանը:

Գոհար Սարգսյան

Նա  նաև ասել է,  թե չի հավատում, որ Խաչատրյանը այս տարիների ընթացքում արդարացի պայքար է տարել՝ զինվորների սպանությունները բացահայտելու գործում:

Մայրերը նաև վստահեցրել են, որ մինչ օրս Խաչատրյանի բոլոր գործողությունները ուղղորդված են եղել իշխանությունների կողմից: 

«100 տոկոս այսօր էլ նրան ուղարկել էին, թե՝ գնա, տես ծնողներն ինչ են ասում», -ասել է 2010 թվականին զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

Epress.am-ը զրուցել է նաև Մարգարիտա Խաչատրյանի հետ, ով ներկայացրել է իր տեսակետը.

«Ես եկա, հայտարարի, որ զինդատախազության կողմից ոչ մի գործ չի բացահայտվելու, քանզի 1998 թվականին սպանված տղայս գործը չեմ կարողանում մինչ օրս բացահայտել: Եթե ես չեմ կարողանում իմ տղայի գործը բացահայտել, ինչպե՞ս եմ բացահայտելու ուրիշներինը: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ զինդատախազության ստեղծված հանձնաժողովը շոու է, 1998-ին մի քանի էդպիսի հանձնաժողովներ են ստեղծվել, սակայն ոչ մի գործ չի բացահայտվել: Դատապարտվածների մեջ չեմ տենում մեծահարուստի մի երեխա, զոհվածների մեջ չեմ տենում մի հարուստի երեխու՝ միշտ զոհվողներն էլ, պատասխանատվություն կրողներն էլ խեղճ ու անճարի տղերքն են»:

Խաչատրյանը վստահեցրել է, որ  մյուս մայրերի հետ ինքն էլ մինչև վերջ պայքարելու է: «Եթե չբացահայտվի, ես արտաշիրիմում կանեմ ու Հայաստանից կգնամ», -եզրափակել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը 2011-ից 2012 թվականը ուշադրության կենտրոնում էր հայտնվել «Հրապարակ» օրաթերթի հետ կապված դատական հայցի պատճառով: