Home / Հայաստան / Մխիթարյանը տեղափոխվեց «Բորուսիա». ինչու է դա լավ

Մխիթարյանը տեղափոխվեց «Բորուսիա». ինչու է դա լավ

Հենրիխ Մխիթարյանը գալիք մրցաշրջանում հանդես է գալու Գերմանիայի և Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: Մեր տեղեկություններով՝ գերմանական ակումբն արդեն համաձայնեցրել է բոլոր պայմանները թե ֆուտբոլիստի, թե Դոնեցկի «Շախտյորի» հետ: Դորտմունդցիները Մխիթարյանի համար կվճարեն մոտ 28 միլիոն եվրո:

Ինչպես հարղոդում է մեր աղբյուրը, «Բորուսիայի» և «Լիվերպուլի» միջև ընտրությունը հօգուտ գերմանացիների կատարել է ինքը՝ Մխիթարյանը:

Նշենք, որ նման ընտրությունն ավելի քան տրամաբանական է և համահունչ է եվրոպական ֆուտբոլի այսօրվա իրականության հետ: «Բորուսիան» ավելի բարձրակարգ ակումբ է, քան «Լիվերպուլը»: Թիմը հանդես է գալիս Չեմպիոնների Լիգայում, բացի դա գրեթե 100 տոկոս վստահությամբ կարելի է ասել, որ հաջորդ տարի դորտմունդցիները նույնպես նման իրավունք կստանան՝ բարձր տեղ զբաղեցնելով Գերմանիայի առաջնությունում: «Լիվերպուլը» ոչ միայն հանդես չի գալիս Չեմպիոնների Լիգայում, այլ նաև թիմի՝ հաջորդ մրցաշրջանում այդ ուղեգիրը նվաճելու հեռանկարները բավական մշուշոտ են, քանի որ Անգլիայի առաջնությունում հանդես են գալիս «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» կարգի ակումբներ: Բացի դա, գերմանական թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը անհամեմատ հեղինակավոր և ուժեղ է «Լիվերպուլի» Բրենդան Ռոջերսից և ավելի շատ բան կարող է տալ Մխիթարյանին:

Հակառակ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղից հետո տարածված կարծիքի, թե Դորտմունդը զանգվածաբար կվաճառի իր առաջատարներին, թիմն առայժմ միայն ուժեղանում է: Հիմնական կազմից ֆուտբոլիստներից կորցնելով Մարիո Գյոտցեին, «Բորուսիան» արդեն հասցրել է գնել Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն խաղացողներից մեկին՝ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ինչպես նաև Հունաստանի հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին և այժմ Մխիթարյանին: Անգամ եթե թիմից հեռանան Ռոբերտ Լևանդովսկին և Իլկայ Գյունդողանը, Դորտմունդն արդեն հասցրել է նրանց արժանի փոխարինողներ գտնել և գալիք մրցաշրջանում բավական մարտունակ թիմ է լինելու: Իսկ եթե «Բորուսիային» հաջողվի պահպանել առաջատարներին, ապա թիմի համար ևս մեկ հիանալի մրցաշրջան կարելի է կանխատեսել:      

Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա այս թիմում Մխիթարյանի ապագան ավելի մշուշոտ էր, եթե հաշվի առնել, որ մերսիսայդցիները պատրաստվում են վաճառել լավագույն ֆուտբոլիստին՝ Լուիս Սուարեսին: Նման դեպքում «Լիվերպուլի» մրցունակությունը կտրուկ կնվազի: Համաձայն Բրիտանիայում տարածված լուրերի, «Լիվերպուլի» ֆինանսական վիճակը չէր կարող թույլ տալ գնել Մխիթարյանին և միաժամանակ պահպանել Լուիս Սուարեսին: