Home / Հայաստան / Ակտիվիստի վրա լոլիկ ու ձվեր են նետել. նա կպատասխանի Սերժ Սարգսյանի տան մոտ

Ակտիվիստի վրա լոլիկ ու ձվեր են նետել. նա կպատասխանի Սերժ Սարգսյանի տան մոտ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նախապես հայտարարել էր, ուրբաթ օրը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան մոտ՝ բողոքելով ոստիկանների գործողությունների դեմ:

Ոստիկանապետի դեմ ակցիան անցկացվել է «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» կարգախոսի ներքո:

Այսօր Epress.am-ի հետ զրույցում ակտիվիստը պատմել է, որ ակցիայից հետո իրեն հետապնդել են անհայտ մարդիկ, իր տուն գալուց հետո լոլիկներով և ձվերով հարվածել են նախ տան պատուհաններին, ապա, երբ ինքն ու կինը մոտեցել են պատուհանին, նաև իրենց: Դեպքի առնչությամբ Գասպարին ոստիկանների է հրավիրել և ներկայացրել կատարվածը: Ոստիկանները զրուցել են նաև հարևանների հետ:

Անհայտ մի երիտասարդ Գասպարիին լոլիկներով հարվածել է նաև երեկ՝ կիրակի օրը, երբ ակտիվիստը որդու հետ գնում էր խանութ: Երկրորդ հարձակումից հետո նա հրաժարվել է ոստիկաններին բացարություն տալ՝ ասելով, որ իրականում և՛ լոլիկ շպրտողները, և՛  բողոք ընդունողները նույն մարդիկ են:

Ակտիվիստը մտադիր է հարձակումներին պատասխանել նոր ակցիայով, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի տան մոտ՝ «Սերժիկ, սրիկա» պաստառով:

«Եթե Վովա Գասպարյանը կարծում է, որ իր տան մոտ չի կարելի ակցիա անել, թող տեսնի, որ բողոքի ակցիա եմ անելու իր նախագահի տան մոտ»,- ասել է Վարդգես Գասպարին: