Home / Հայաստան / Ֆերմերը պնդում է՝ անասնաբույժը վարակել է այծերին. հիվանդ կենդանիներին վաճառել է

Ֆերմերը պնդում է՝ անասնաբույժը վարակել է այծերին. հիվանդ կենդանիներին վաճառել է

Ապրիլ ամսին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանը և ավագանու անդամ Բաբկեն Ուռուտյանը պնդում են, որ Վարդանյանին պատկանող ֆերմայում հայտնաբերված բրուցելոզի տարածման պատճառ է հանդիսացել ներարկիչի ասեղը: Վարդանյանը հիվանդ կենդանիներին հետագայում վաճառել է:

Շուրջ 10 տարի ֆերմայում պատվաստումներ չիրականացրած անասնաբույժ Արսեն Ալավերդյանը 80 գլուխ այծերի դաբաղի դեմ պատվաստումն իրականացրել է մեկ ասեղով, ինչից հետո կենդանիների արյունն ուղարկել է լաբորատոր հետազոտության: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մարալիկի ավագանու անդամ, բժիշկ Բաբկեն Ուռուտյանը:

«Վարդանյանը 10 տարի առաջ հիմնել է ֆերման՝ մի քանի գլուխ այծերի թիվը հասցնելով 80-ի: Այդ տարիների ընթացքում համայնքի անասնաբույժը ընդհանրապես չի այցելել ֆերմա ու չի հետաքրքրվել անասունների առողջական վիճակով, ուղղակի գնացել, կանգնել են բակում, հարցրել են՝ քանի՞ գլուխ այծ ունի, գրանցել ու գնացել են»,- պատմել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ անասնաբույժը ֆերմա է այցելել ապրիլին, երբ դաբաղ հիվանդության մասին լուրեր են պտտվել:

«Սրսկումներ են արել մի ասեղով՝ բոլոր այծերին: Ես որպես բժիշկ՝ անասնաբույժերից հետաքրքրվել եմ, թե արդյո՞ք տվյալ դեպքում թույլատրվում էր բոլոր այծերին մի ասեղով սրսկել, նրանք էլ ասել են, որ չի կարելի՝ մանավանդ, երբ չգիտես, որևիցե մեկը վարակված է, թե չէ», – ասել է Ուռուտյանը:

Նա պատմել է, որ արյան լաբորատոր հետազոտությունից պարզվել է, որ 30 անասուն վարակված է բրուցելոզով:

«Արթուրը որոշել է կրկնակի հետազոտության տանել արյունը, այս անգամ Երևանում, հիմա էլ պարզվել է, որ հիվանդ այծերը 46-ն են: Եթե 30-ը վարակված էին եղել, ապա 16-ն  էլ ավելացել են պատվաստումից հետո: Համայնքի անասնաբույժն ինչ-որ պատճառաբանություններ է բերում, թե 15 անասունի սրսկման դեպքում պետությունն իրեն 60 դրամ է տալիս,  ինքը ամիսը 12 հազար դրամ է ստանում ու չգիտեմ ՝ էլ ինչ: Պիտի ասեմ, որ դրանք ֆերմերին կամ  բնակչությանը ընդհանրապես չեն հետաքրքրում: Ում ինչքան կտա պետությունը՝ մեր խնդիրը չէ, իրենք այդ պարտավորությունը վերցրել են իրենց վրա ու պետք է հետևեն ու ոչ թե միայն գրանցեն ու գնան տանը պառկեն», – ասել է Ուռուտյանը:

Վերջինս նշել է, թե պատրաստվում է բարձրացնել այդ հարցը ավագանու նիստերի ընթացքում ու խստիվ արգելել նման անբարեխիղճ մասնագետների գործունեությունը:

Epress.am-ը զրուցել է ֆերմեր Վարդանյանի հետ, ով նշել է, որ Շիրակի մարզի գլխավոր անասնաբույժն իրեն ասել է, թե անասունների խնամքը ոչ միայն անասնաբույժի, այլև գյուղացիների պարտավորությունների մեջ է մտնում:

«Անասնաբույժին պետությունը ամեն տարի 2 անգամ գումար է տրամադրում, որ իրենք գան, կենդանուց արյուն վերցնեն՝ իրենք պիտի առաջինը գային ու կատարեին իրենց պարտավորությունը: Այ, եթե ես թույլ չտայի, դա արդեն ուրիշ հարց է: Իրանք պետք է գային ու ասեին, որ դա օրենքով հասնում է, միայն օրենքով եկել-ասել են, թե՝ «պետք ա հաշվառենք, կարող ա դեղ ղրգեն, որ բերենք քո անասունին սրսկենք» ու գնացել են», – պատմել է Վարդանյանը:

Ֆերմերը նշել է, որ շատ մեծ դժվարություններով է ստեղծել իր տնտեսությունը ու մի քանի օրում  ամբողջ աշխատանքը «ջուրն է լցրել»:

«Ռուսաստանից եկա, որ ֆերմա հիմնեմ, էնքան եմ սիրել էս գործը, նվիրվել եմ ու հիմա էնքան հիասթափված եմ: Մի քանի մայր այծը բազմացրի, հասցրի 80-ի, հիմա ընդամենը 20 այծ եմ պահում, բոլորը ծախեցի-գնացին: Ապրիլից մինչև էսօր ոչ մեկը չի եկել, հետաքրքրվի՝ ի՞նչ արեցի հիվանդ կենդանիներին: Եթե անասնաբույժը 10 տարի չի եկել, ստուգումներ չի արել, ո՞նց կարող է ամբողջ հոտը մի ասեղով սրսկել: Գալիս, դաբաղի համար արյուն է վերցնում, եղած բրուցեյլոզը տարածում, գնում է: Ինձ էլ բացատրում է, թե՝ «մինչև ասեղի քոռանալը կարա սրսկի, կապ չունի կենդանիները քանիսն են»»,- ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ հիվանդ կենդանիները վաճառքի գործում իրեն օգնել է անասնաբույժ Արսեն Ալավերդյանը, քանի որ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ինչպես նաև մարզի գլխավոր անասնաբույժը հավաստիացրել են՝ «բրուցելոզով հիվանդ անասունի միսը վտանգավոր չէ ու ենթակա է օգտագործման»:

«Իրենք ասում էին, որ կաթը ու  միսը կարող են օգտագործել ջերմային մշակումից հետո ու ես հանգիստ կարամ ծախեմ, կլիենտ էին բերում, սրանք էլ գալիս, նայում էին, չէինք բարիշում: Գնորդները բոլորն էլ գիտեին, որ այծերը հիվանդ են, մեկն էլ եկավ,  թե՝ 600 հազար տալիս եմ 46-ի համար, ես էլ ծախեցի: Ասացին, որ անասուններին մորթելու են երշիկի արտադրամասի համար, կապտիտ են անելու», – եզրափակել է Վարդանյանը:

Այսօր Epress.am-ին չի հաջողվել պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարությունից: Հեռախոսահամարները, ոչ աշխատանքային օրվա հետ կապված, չեն պատասխանել: