Գլխավոր / Հայաստան / Թուրքական քաղաքում հայկական եկեղեցուն 15 հազար քմ կվերադարձնեն

Թուրքական քաղաքում հայկական եկեղեցուն 15 հազար քմ կվերադարձնեն

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Հիմնադրամների վարչությունը որոշում է կայացրել հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն հատկացնել նախկինում իրեն պատկանող 17 անշարժ գույքի օբյեկտներ: Նշենք, որ հիմնադրամը հայց էր ներկայացրել 190 օբյեկտների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Ozgurhaber gazetesi-ին, Սուրբ Կիրակոս եկեղեցու հաշվապահական տվյալների համաձայն՝ 1910-1921թթ ընկած ժամանակահատվածում հայերին էր պատկանում անշարժ գույքի 190 օբյեկտ Դիարբեքիր քաղաքի 20 թաղամասերում:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դեռ 2009 թվականին դիմել էր Հիմնադրամների վարչություն՝ պահանջելով վերադարձնել հայերին պատկանող անշարժ գույքը: Հետազոտությունների արդյունքում Դիարբեքիրի իշխանությունները հայտնաբերել են հայերին պատկանող անշարժ գույքի միայն 17 օբյեկտ՝ 15 հազար քմ տարածքով: Սակայն խնդիրներ էին առաջացել անգամ այս տարածքների վերադարձի հետ կապված, քանի որ այնտեղ հայտնվել էին ապօրինի կառույցներ և հասարակական շենքեր:

Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Վարդգես Էրգյունը հայտնել է, որ անշարժ գույքի 17 օբյեկտների վերադարձի մասին արդեն որոշում է ընդունվել, բայց հայերի անունով դրանք վերագրանցելու հարցում բարդություններ կան: Նա նշել է, որ հիմնադրամը դատարան կդիմի, եթե չհաջողվի անշարժ գույքը վերադարձնել սահմանված կարգով: