Գլխավոր / Հայաստան / Մոլդովացի փաստաբանը Երևանում հրահրած սկանդալի համար ներողություն չի խնդրի

Մոլդովացի փաստաբանը Երևանում հրահրած սկանդալի համար ներողություն չի խնդրի

Երևանում դիվանագիտական սկանդալ հրահրած մոլդովացի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն մտադրություն չունի ներողություն խնդրել Հայաստանի դեմ հնչեցված մեղադրանքների համար: Գրիգորիուն Հայաստանին մեղադրել էր «ադրբեջանական հողերի 20%-ի օկուպացման և ցեղասպանություն իրացնելու» մեջ:

Ինչպես հայտնում է OMG Media Group-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորիուն հայտարարել է, որ Հայաստանում ինքը «օմբուդսմենի դիրքորոշումն է ներկայացրել»՝ չենթադրելով, որ իր հայտարարությունը նման արձագանքի կարժանանա: 

«Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այդպիսի ոչ ադեկվատ արձագանք կլիներ: Եվ ընդհանրապես, այս սկանդալը հրահրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը»,- հայտարարել է խորհրդարանական փաստաբանը:

Գրիգորիուն ընդգծել է, որ ինքը «չի զղջում արված հայտարարության համար» և «մնում է իր կարծիքին»: «Ես ոչ մեկին չեմ նեղացրել և չեմ պատրաստվում ներողություն խնդրել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը պաշտոնապես հայտարարել է, որ Գրիգորիուի՝ ղարաբաղյան հակամարտության մասին Երևանում հնչեցրած կարծիքը չի արտացոլում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը:

«Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա» — Հայաստանի ՄԻ պաշտպանին ուղղած նամակում գրել էր Կենտրոնի տնօրենը:

Աուրելիա Գրիգորիուն հուլիսի 4-ին Երևանում հայկական կողմին մեղադրել էր «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան  գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:

Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում: