Home / Բնապահպանություն / Ընկերությունը փորձել է թաքցնել պոչամբարի վթարի փաստը. բնապահպաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընկերությունը փորձել է թաքցնել պոչամբարի վթարի փաստը. բնապահպաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի Գեղի գետի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, աղետալի վիճակ է տիրում: Այս մասին հաղորդում են Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ակտիվիստները, ովքեր հունիս ամսվա վերջին այցելել են Սյունիքի մարզ:

Ավելի վաղ նրանք հաղորդել էին, որ այդ վայրում «Լեռ-Էքս» ընկերության կողմից շահագործվող Հանքասարի հանքի պոչամբարի թափոնաջրերը գետն են լցվում: Այսօր բնապահպանները ներկայացրել են դեպքի մանրամասներն ու տեսանյութը: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ հունիսի 25-ի երեկոյան պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Բնապահպանների տեսախցիկը փաստագրել է, որ պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար:

Այս ամենի մասին բնապահպաններն անմիջապես ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, որից հետո ԱԻՆ-ը ը հունիսի 28-ին հայտարարություն է տարածել վթարի վերաբերյալ՝ նշելով, որ իրավիճակը վերահսկվում է և խողովակաշարը փոխվելու է:

Բնապահպաննեն ընդգծում են, որ «Լեռ-էքս» ընկերությունը մամուլում հերքել է պոչամբարից թափոնաջրերի արտահոսքի փաստը՝ նշելով, որ «հունիսի 25-ին գետի ջրի պլաստմասե խողովակաշարը պայթել էր, բայց … արտահոսած գետի մաքուր ջուրը ոչ թե լցվել էր պոչամբար և պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու էր լցվել գետը՝ առանձին կառուցված խողովակաշարի միջոցով»:

ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում նշել էր, որ նմուշառում են վերցրել Գեղի գետից և դեպքի վայրում կատարած ուսումնասիրությունից հետո այդպես էլ պոչամաբարից արտահոսքի դեպք չեն արձանագրել:

Բնապահպան ակտիվիստները, հակառակը, պնդում են, որ իրենց այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով` ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է:

«Այդ խողովակաշարը գտնվում է պոչամբարից ավելի բարձր նիշի վրա, և բնականաբար վթարի հետևանքով արտահոսած ջուրը այլ տեղ չուներ լցվելու, բացի պոչամբարից: Իսկ պոչամբարի պատվարի ներքևի մասում տեղադրված խողովակից դուրս է գալիս ոչ թե «նորմայի սահմաններում» ջուր` ինչպես պնդում են պատասխանատուները, այլ թափոնաջուր, որն էլ նորից գնում-լցվում է գետը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նմուշառում պետք է կատարեին ոչ թե Գեղի գետում, այլ հենց այդ խողովակից դուրս եկող ջրում: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան: Սակայն դեպքերի ընթացքի տրամաբանական վերլուծությունը և մեր կողմից տարածքի տեղազննումը հուշում են, որ եթե տեղի է ունեցել գետի այնպիսի հզոր հորդացում, ինչի հետևանքով մի քանի տեղից պայթել է խողովակաշարը, ապա դժվար թե այդ հարվածին դիմանար պոչամբարի թույլ հողային պատվարի վերին հատվածը: Եթե նույնիսկ պատվարը դիմացել է այդ հարվածին և չի պատռվել (ինչը քիչ հավանական է), ապա ակնհայտ է, որ ջրի այդպիսի զանգվածի` պոչամբար լցվելու հետևանքով կատարվել է թափոնաջրերի մակարդակի բարձրացում, և դրանք հոսել են պատվարի վրայով դեպի ներքև: Դրա մասին են վկայում նաև պոչամբարի պատվարի վերին շերտը, որը ծածկված է հոսած թափոններով, պատվարի կենտրոնական մասի թաց  հատվածը, որը ակնհայտ տարբերվում է կողային չոր մասերից, ինչպես նաև հենց պատվարի մոտ կանգնած էքսկավատորն ու տարածքում առկա մնացած շինարարական տեխնիկան, որոնք ամենայն հավանակությամբ օպերատիվ կերպով թաքցրել են վթարի իրական հետևանքները:

Բնապահպանները ընդգծում են, որ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն վթարի մասին չի ահազանգել ԱԻՆ կամ պետական այլ մարմնի, ինչը ակտիվիստներին ստիպում է ենթադրել, որ փորձ է արվել կոծկել վթարի փաստը և թաքցնել իրական հետևանքները:

«Կամ սա պարզապես խոսում է նմանատիպ վթարների նկատմամբ մասնավոր ընկերությունների ունեցած հանցավոր անտարբերության մասին: Իսկ պետական մարմինների կողմից կատարվածին մինչ այս պահը ոչ համարժեք գնահատակններ տալը վկայում է, որ ցանկություն չկա պարզելու, թե ինչո՞ւ է թաքցվել վթարի փաստը, ի՞նչ վնաս է հասցվել բնությանն ու շրջակա միջավայրին, ո՞վ է կատարվածի պատասխանատուն և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն մեղավորները: Ավելին, ստացվում է, որ եթե բնապահպաններն այդ օրերին չլինեին Սյունիքում, հանրությունը այդպես էլ չէր տեղեկանա կատարվածի մասին»,- նշում են ակտիվիստները:

ՀԲՃ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանություն նախարարություն` պարզելու համար, թե ինչ նախագծերի հիման վրա է աշխատում Հանքասարի հանքավայրը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարները, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մասնագիտական վերլուծություն: