Home / Հայաստան / Իրավապաշտպանները չեն պատրաստվում համագործակցել զինդատախազության հետ

Իրավապաշտպանները չեն պատրաստվում համագործակցել զինդատախազության հետ

«Հելսինկյան ասեցիացիա»  իրավապաշտպան կազմակերպության անդամները  մտադրություն չունեն ընդգրկվել ՀՀ զինդատախազության ստեղծվող աշխատանքային խմբում, որը ուսումնասիրելու է 2011 թվականից ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը:

Աշխատանքային խմբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Epress.am-ի հետ զրուցել են «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և նույն կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

Դանիելյանը կարծիք է հայտնել, որ հանձնաժողովի կանոնակարգը ստեղծված է այն նպատակով, որպեսզի իրավապաշտպան կազմակերպության ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը չներգրավվի այդ հանձնաժողովում: Մասնավորապես, զինդատախազության հայտարարության մեջ նշվում է, որ հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը մասնագիտությամբ իրավաբան իրենց ներկայացուցիչների միջոցով, որոնք մասնագիտական գիտելիքներ պետք է ունենան քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի բնագավառներում: Մինչդեռ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով, ըստ Դանիելյանի, լավագույն է իր ասպարեզում, չունի իրավաբանական կրթություն:

«Նրանք շատ լավ հասկանում են, որ Մատիրոսյանը միակ իրավապաշտպանն է, ով իրոք զբաղվում է բանակում տեղի ունեցած սպանությունների բացահայտումներով, և արդեն իսկ կանոնակարգում նրա դեմ արգելք է դրված», – ասել է Դանիելյանը՝ ընդգծելով, որ լավագույն իրավապաշտպանները, որպես կանոն, իրավաբանական կրթություն չունեն:

Դանիելյանն ասել է, որ արգելքի բացակայության դեպքում էլ, միևնույնն է, իրենց կազմակերպության անդամները չէին մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

«Մենք համարում ենք, որ նմանատիպ հանձնաժողովները ստեղծվում են միայն մի բանի համար՝ պահպանել այն իմիջը, որն ուզում են ստեղծել մեր իշխանությունները: Մենք ունենք այսպիսի հանձնաժողովների մի շարք օրինակներ՝ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի հանձնաժողովները, ՔԿՀ-ում իբր թե դիտորդություն իրականացնող հասարակական խումբը: Այսպես կոչված համակարգային իրավապաշտպանները մտնում են այս հանձնաժողովների մեջ ու վահանի պես կանգնում են մեր զինվորա-ոստիկանական պետության առջև՝ պաշտպանելով իրենց միջազգային հանրության ճնշումներից՝ այս կամ այն հարցում», – նշել է մեր զրուցակիցը:

Դանիելյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշման դեպքում հայաստանյան իշխանությունները միանգամից գտնում են ձևը՝ հանձնաժողով ստեղծելով:

«Որպես օրինակ բերեմ  բանտերի պաատմությունը, որոնք սարսափելի վատ վիճակում էին: Ատեղծեցին հանձնաժողովը, սակայն բանտերը մնացին նույնը: Հանձնաժողովներ ստեղծելու միջոցով իրավապաշտպանների և իշխանությունների միմյանց հետ համագործակցելը ամենավատ տարբերակն է: Ընդհանրապես՝ համագործակցել այսպիսի իշխանությունների հետ՝ անընդունելի է իրավապաշտպանների համար», – եզրափակել է Դանիելյանը:

Ռուբեն Մարտիրոսյանը, իր հերթին, Epress.am -ի հետ զրույցում հավաստիացրել է, որ արդարադատության իրականացման գործում շահագրգիռ պետական բարձրագույն մարմին ունենալու դեպքում ստեղծվող հանձնաժողովի բոլոր անդամները, առանց բացառության, կհայտնվեին բանտում:

«Թույլ տալ հանցագործներին, որ իրենք քննարկեն իրենց կատարած հանցագործությունը և՛ անբարոյական է, և՛ անհեթեթ», – ասել է փորձագետը:

Նա նշել է, թե զինդատախազի հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ կառույցը ոչ թե պետական, այլ մասնաավոր մարմին է:

«Ուղղակիորեն զինդատախազությունը հայտնում է, որ ինքը հրաժարվում է 2011 թվականից առաջ կատարված սպանության գործերով քննություն կատարելուց: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ այսօր քննության մեջ են գտնվում Տիգրան Օհանջանյանի, Վալերի Մուրադյանի, Արայիկ Ավետիսյանի սպանությունների գործերը: Սրանք մինչև 2011-ը կատարված սպանություններ են: Ուրեմն զինդատախազը ձևակա՞ն է այդ գործերը քննում, չի՞ պատրաստվում արդյունավետ քննություն վարել ու մեղավորներին պատժել», –  ասել է Մարտիրոսյանը: