Home / Հայաստան / Ստալինը բռնակալ է, բայց Հայաստանում նման առաջնորդի կարիք են զգում

Ստալինը բռնակալ է, բայց Հայաստանում նման առաջնորդի կարիք են զգում

Ստալինը ոչ թե պատմական կերպար է, այլ ինչ-որ իմաստով կենդանի մարդ է հետխորհրդային տարածքում: Այսօր Երևանում նման կարծիք է հայտնել «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը, ով Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանում Ստալինի մասին հանրային կարծիքը բացահայտելու համար հասարակագիտական հետազոտություն է անցկացրել և այն այսօր ներկայացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ կազմակերպության շենքում:

Դե Վաալի հեղինակած «Ստալինի հանելուկը» հարցմանը 4 երկրներից յուրաքանչյուրում մասնակցել է 2000-ից 2500 մարդ:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ամենավատ կարծիքը Ստալինի մասին ունեն ադրբեջանցիները, իսկ մյուս երկրներում հարցվածներն ավելի հաճախ են ասել, թե հարգում, ըմբռնում, հիանում կամ այլ դրական  զգացմունքներ ունեն Ստալինի հանդեպ: Դե Վաալի խոսքով՝ Վրաստանում Ստալինի հանդեպ դրական վերաբերմունքի հիմնական պատճառը նրա վրացի լինելն է, Ռուսաստանում՝  Ստալինին սկսել են ավելի շատ սիրել Պուտինի կառավարման տարիների ընթացքում: Իսկ ահա ինչով է պայմանավորված հայերի սերը Ստալինի հանդեպ՝ փորձագետը խնդրել է բացատրել  հետազոտության արդյունքներին ամփոփման ժամանակ ներկա հայերին: Ներկաներից մեկը՝ մոտ 50 տարեկան մի կին, կարծիք է հայտնել, որ Հայաստանում բացակայում է կարգուկանոնը, իսկ Ստալինը ասոցացվում է հենց ուժեղ ղեկավարի հետ, ով կարող է թույլ չտալ խժդժություններ: Մոտ 60 տարեկան մի տղամարդ էլ ասել է, որ, մարդկանց կարծիքով, Հայաստանին ուժեղ առաջնորդ է հարկավոր, քանի որ երկիրը պատերազմի վտանգ է զգում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Թոմաս դե Վաալը այդ վարկածը հնարավոր է համարել: Քաղաքագետ Միքայել Զոլյանն էլ նշել է, որ Ստալինի նկատմամբ նման վերաբերմունքը նաև Ռուսաստանից եկող քարոզչության արդյունք է, և այդ քարոզչությունը Հայաստանում ավելի մեծ ազդեցություն ունի, քան Ռուսաստանում: 

Թոմաս դե Վաալ

Դե Վաալը նշել է, որ հարցման մասնակից հայաստանցիների 55%-ն ասել է, որ Ստալինն իմաստուն առաջնորդ էր և Խորհրդային Միությանը բարգավաճում է բերել: Ավելի քան 22%-ն ասել է, որ կցանկանար ապրել մի երկրում, որտեղ իշխանության է Ստալինի նման մեկը: Այս թվերը գրեթե չեն տարբերվում Ռուսաստանի և Վրաստանի ցուցանիշներից, սակայն հայաստանցիների նկատելիորեն ավելի մեծ տոկոս է ասել, որ «մեր ժողովուրդը միշտ Ստալինի պես առաջնորդի կարիք կունենա, ով կգա և կարգ ու կանոն կհաստատի»: Այս կարծիքին է հայաստանցիների 38%-ը, մինչդեռ նույն հարցին դրական պատասխան տվել է ադրբեջանցիների 18%-ը, վրացիների՝  27%-ը, ռուսատանցիների՝ 30%-ը:

Ըստ  դե Վաալի՝ նման պատասխանը պարադոքսալ է, եթե հաշվի առնել, որ հայաստանցիների էլ ավելի մեծ մասը՝ 69%-ը համաձայնել է, որ «Ստալինը անմարդկային բռնակալ է, ով պատասխանատու է հազարավոր անմեղ մադկանց մահվան համար»:

Միայն մեկ հարցում է Ադրբեջանն առաջ անցել մյուս երեք երկրներից. ամենամեծ թվով ադրբեջանցիները՝ 22%-ը, ասել են, որ չգիտեն՝ ով է եղել Ստալինը:

Սա, ըստ դե Վաալի, խոսում է կրթական համակարգի, այլ ոչ թե Ստալինի մասին հանրային կարծիքի մասին: Ադրբեջանում Ստալինի նկատմամբ համեմատաբար վատ վերաբերմունքը պայմանավորված է երկրի մահմեդական լինելով և այն հանրային կարծիքով, թե Ադրբեջանը որպես մահմեդական երկիր ավելի վատ պայմաններում է եղել խորհրդային տարիներին, քան Հայաստանն ու Վրաստանը:

Դե Վաալը Ստալինի «կենդանի» լինելը բացատրում է նաև նրանով, որ թեև Ստալինի արձանները բոլոր երկրներում հանվել են, սակայն դա չի ուղեկցվել հանրային քննարկմամբ: